Համացանցի այսօրվա թոփ թեման Երևանում 12 ոստիկանի մասնակցությամբ վարորդի խոշտանգումն է: Առանց ժամանակագրությունն ու մանրամասները նշելու տեսանյութը տարածող տելեգրամյան ալիքներին ու լրատվամիջոցներին պատասխանեց դատախազությունը: Դեպքը 6 ամիս առաջ է տեղի ունեցել, իրավապահ մարմիններն էլ տեղյակ են, մեղավորների շրջանակը հայտնի է, գործն էլ դատարան է հասել:
Գոռ Աբրահամյան (ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական) - Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է այս տարվա հունվարին: Մեղադրանքի առաջադրումից անմիջապես հետո դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող մարմինը միջոցներ է ձեռնարկել նշված ՃՈ երեք ծառայողների աշխատանքային պարտականությունները ժամանակավոր կասեցնելու ուղղությամբ:
Դատախազությունը դեռ հունվարի վերջին դեպքի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, հայտնել մանրամասները: Բայց երեկ սկսված աղմուկում այս փաստն այդպես էլ չշահարկվեց: Գոռ Աբրահամյանի համար զարմանալի է, թե լրատվամիջոցներն ինչպես արագ կուլ տվեցին վիզուալ ու բովանդակային ակնհայտ հակասություններ ունեցող տեղեկատվական այս խայծը:
Գոռ Աբրահամյան - «Լրատվամիջոցները, իմ կարծիքով, նման հրապարակումներն իրենց էջերում տեղադրելուց առաջ նախ պետք է փորձեն հասկանալ՝ որքանով է ճշմարտանման սա, այս հրապարակումը:
Իմքայլական Հայկ Կոնջորյանն այստեղ ոչ թե լրագրողական անբարեխղճություն, այլ դիտավորություն է տեսնում: Մեդիատեռորի հերթական դրսևորումն է՝ ասում է Կոնջորյանը, նպատակը երկրում անկայունություն, հուսալքություն և պանիկա առաջացնելն է:
Հայկ Կոնջորյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Հին իրադարձության վերաբերյալ նորից թարմացվում է, պտտվում է նոր տեղի ունեցած երևույթ, որպեսզի հանրությանը անընդհատ պահեն այդ անվերջանալի շրջապտույտի մեջ և թույլ չտան, որ մարդիկ ըստ էության թոթաթեն այն սթրեսը, որն օբյեկտիվորեն գոյություն ունի բոլորիս մոտ:
Կոնջորյանը նաև մտավախություն ունի, որ նման հրապարակումներն ուղղակիորեն և անուղղակիորեն կարող են հարվածել Հայաստանի ազգային անվտանգությանը:
Հայկ Կոնջորյան - Կան կոնկրետ խմբեր, որոնք իրենց առջև խնդիր են դրել հայ ժողովրդին նստեցնել պանիկայի ասեղի վրա, որ անընդհատ այսպես կոչված մեդիագործիքներով, որոնք իրականում ոչ թե լրատվամիջոցներ կամ մեդիագործիքներ են, այլ պրոպագանդայի բութ գործիքներ. ահա այդ բութ գործիքներով անընդհատ հարվածել-հարվածել հայ ժողովրդին, հայ ժողովրդի պետականությանը:
Ֆեյքերի, ապատեղեկատվության դեմ պայքարը Կոնջորյանն օրենսդրական դաշտում է տեսնում: Դրա համար իշխող ուժի ներկայացուցիչներն առաջարկում են արգելել տելեգրամյան և ֆեյսբուքյան անհայտ ծագման էջերին հղում անել և այդպիսով զբաղվել դրանց գովազդով: Բացի դրանից՝ առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված տուգանքը 5 անգամ ավելացնող օրենքի նախագիծը: