Ազատության հրապարակում այսօր Վազգեն Մանուկյանի հրավիրած հավաքի պատճառը Սյունիքում ծավալվող իրադարձություններն են՝ լրագրողների հետ զրույցում ցույցի մեկնարկին հայտարարեց Մանուկյանը և հավելեց՝ Ազգային անվտանգության ծառայության որոշումը, սահմանափակել լրագրողների աշխատանքը Սյունիքի սահմանային տարածքներում, կասկածներ է հարուցում, թե կողմերի միջև գոյություն ունեն գաղտնի պայմանագրեր:
Վազգեն Մանուկյան, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու - Պարզվեց՝ մեր մեջքի հետևում մեկ այլ կապիտուլյացիոն պայմանագիր է կնքված: Դրան ավելացավ այն, որ որոշվեց թղթակիցներին թույլ չտալ ազատ մեկնաբանել այդ վայրերում: Իսկ դա կասկած է առաջացնում, որ բացի այդ 6 կետերից, կան նաև այլ պայմանագրեր:
Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ պայմանագրի մասին էր հայտարարել Հրանտ Բագրատյանը, որը նույնպես այսօր մասնակցում էր հանրահավաքին: Բագրատյանն ասաց՝ փաստաթղթի մասին իմացել է ռուս խաղաղապահների հետ զրույցի ընթացքում:
Հրանտ Բագրատյան - Հայաստանի Հանրապետությունից տարածքներ են խլում: Ես կասկածում եմ, որ Ղարաբաղում մնացել է 2,5 հազար քառակուսի կիլոմետր, Սյունիքից մինչև Տավուշ տալաշ-տալաշ 2,5 հազար կիլոմետր տալու են Ադրբեջանին, որ հետո որոշի՝ Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա:
«Հայրենիքի փրկության շարժումը» շարունակելու է փողոցային պայքարը: Նպատակն անփոփոխ է ՝ հեռացնել իշխանությանը: Այդ ներուժն արտահերթ ընտրություններից հրաժարվելուց հետո կա՝ համոզված է Մանուկյանը:
Վազգեն Մանուկյան - Մի քանի հարյուր հազար մարդիկ կա, որոնք սարսափելի էմոցիոնալ դժգոհության մեջ են, միլիոն մարդ կա, որոնք հիասթափված են, բայց տրամադրված չեն այս ամենին մասնակցել: Պետք է փորձել այդ մարդկանց փողոց հանել:
Թե ստույգ ի՞նչ գործնական քայլեր է ձեռնարկելու շարժումը, Մանուկյանը չասաց, սակայն նախանշեց ճանապարհը՝ ներազդում իշխող խմբակցության պատգամավորների վրա:
Վազգեն Մանուկյան - Պետք է կոտրել, փչացնել իր հենարանները: Իսկ ովքե՞ր են իր հենարանները, Ազգային ժողովի «Իմ քայլն» է:
Ընդդիմությունը շարունակում է քննադատել այն համաձայնագրերը, որոնք պատերազմի արդյունքում ստորագրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Իշխանության գալու պարագայում պատրա՞ստ են արդյոք դրանցից հրաժարվել: Մանուկյանն արձագանքեց՝ միանգամից պատրաստ չեն:
Վազգեն Մանուկյան - Միայն այն դեպքում, եթե մենք կունենանք համապատասխան ուժ և համաձայնություն մեր դաշնակիցների հետ: Միանգամից՝ ոչ:
Հարցազրույցից հետո Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակը հռչակեց ընդդիմության շտաբ: «Հայրենիքի փրկության շարժումն» իր հանրահավաքը պլանավորել է փետրվարի 20-ին: