ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության հետ համագործակցության օրակարգի ընդլայնումը հատկապես հետպատերազմյան շրջանում և հույս հայտնել, որ գրասենյակի գործուն աջակցությամբ հնարավոր կլինի մեղմել համավարակի և պատերազմի հետևանքները Հայաստանի մարզերում։
Շոմբի Շարփն իր հերթին վստահեցրել է Հայաստանին տարբեր ուղղություններով աջակցելու պատրաստակամության մասին և ընդգծել, որ նախարարությունը մեծ դերակատարություն է ունեցել COVID-19-ի և պատերազմի հետևանքների մեղմման համատեղ աշխատանքներում:
ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով՝ վերոնշյալ խնդիրների լուծմանն աջակցելու հարցերը գտնվում են ՄԱԿ-ի ուշադրության ներքո և այս առումով պատրաստ են համագործակցությունն ուղղել Հայաստանի համար առաջնահերթ ուղղություններով։ Շոմբի Շարփը մանրամասնել է «2021-2025թթ․ համար Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակ» փաստաթղթի շրջանակում նախանշված առաջնահերթությունները՝ առանձնացնելով մարդկանց բարօրության ամրապնդման և կարողությունների զարգացման, կանաչ և հարատևելի տնտեսական աճի, պատասխանատու և արդյունավետ պետական կառավարման ուղղությամբ գերակա նպատակները։
Նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ–ի աջակցությամբ Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում իրականացված բարեփոխումները և հույս հայտնել, որ համատեղ ծրագրերը առաջիկայում հասանելի կլինեն Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում։
Նախարարը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարության համար առաջնահերթ է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տեղահանված և սահմանային մարզերում ապաստանած քաղաքացիների համար բնակապահովման, աշխատատեղերի ստեղծման, գյուղատնտեսության զարգացման և կենսապահովմանն ուղղված այլ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով յուրաքանյուր աջակցության հասցեականության ու երկարաժամկետության կարևորությունը։
Այս համատեքստում զրուցակիցները անդրադարձել են ՄԱԿ-ի Գործընկերության նոր հնգամյա շրջանակի ուղղություններին, ինչպես նաև դրա համապատասխանեցման հնարավորություններին երկրի ռազմավարական խնդիրների լուծմանը։