Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ ԱԱԾ իրազեկմանը՝ ՀՀ Սյունիքի մարզի որոշ հատվածներում լուսաբանման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ՝ նշելով, որ որպես նախկին լրագրող՝ հարցն իրեն էլ է հետաքրքրել:
«Կարծում եմ՝ ԱԱԾ-ն այստեղ լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգա: Մոտավորապես գիտեմ խնդիրը, որ, ըստ էության, այնտեղ ռազմական դրության հետ կապված որոշակի գործընթացներ են ընթանում այս պահին: Այստեղ նույնպես շարժվենք չվնասելու տրամաբանությամբ: Ինչ-որ պահից սկսած այնտեղ նույնպես ազատ ելումուտ կլինի»,- նշեց Գաբրիելյանը՝ հավելելով, որ այս պահին իրեն հայտնի չէ գոնե մի դեպք, երբ լրագրողի մուտքը կամ գործունեությունն այդ հատվածում խոչընդոտվել է:
Ազգային անվտանգության ծառայությունը որևէ բան չի ցանկանում թաքցնել՝ նշեց պատգամավորը՝ հավաստիացնելով, որ համացանցի և սոցիալական էջերի օգնությամբ հիմա ամեն բան շատ արագ է հայտնի դառնում՝ անգամ առանց լրագրողների աշխատանքի: