Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է արել Ֆեյսբուքի էջում՝ անդրադառնալով Օղակաձև զբոսայգում հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանությունների զոհերի հուշարձանի
պղծման փաստին:
«Այսօր առավոտյան տեղեկացանք, որ անհայտ չարագործները պղծել են Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող՝ հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանությունների զոհերի հուշարձանը:
Որևէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի և դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից:
Երևանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ հպարտությամբ կրելով նաև երևանցի լինելու պատվաբեր կոչումը, և որևէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը:
Հուսով եմ, իրավապահ մարմինները արագ և համարժեք արձագանք կտան»,- գրել է Մարությանը: