Սոցցանցերում և մամուլում տարածվում են կեղծ լուրեր, համաձայն որոնց՝ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում գտնվող Գարեգին Նժդեհի արձանը ապամոնտաժվել է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Նժդեհի արձանն ապամոնտաժելու հարցով Ադրբեջանցիները դիմել են ռուս խաղաղապահներին, վերջիններս էլ՝ քաղաքապետ Էդիկ Ավանեսյանին։
Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը, արձագանքելով տեղեկությանը, հայտնում է, որ արձանը տեղում է. այն ապամոնտաժելու մասին քննարկումներ չեն եղել ու չկան` հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:
«Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է մինչ պատերազմը՝ սեպտեմբերի 26-ին։ Արձանի հետ դեռ աշխատանքներ կային տանելու, քանդակագործը պետք է գար տեղում մնացած աշխատանքներն ավարտին հասցներ, բայց պատերազմի պատճառով աշխատանքները հետաձգվեցին։ Հնարավոր է անհրաժեշտ լինի կիսանդրին տեղափոխել արվեստանոց՝ կիսատ մնացած աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով։ Սակայն ապամոնտաժելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»,- հայտնում է քաղաքապետը։
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակից Նվեր Դադամյանը ևս արձագանքել է լուրին։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կանգուն արձանի լուսանկարն ու տեսանյութը և գրել. «Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ»։