Խորհրդարանական ավանդական ճեպազրույցների գլխավոր թեման այսօր եղել է սոցիալական հարթակներում ստեղծված աղմուկը, թե իբր Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվածություններ կան: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն իշխանությունից պահանջել են պարզաբանումներ ներկայացնել՝ բարձրացնելով նաև Սյունիքի ճանապարհների անվտանգության հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը վստահեցրել է, որ անվտանգության առումով որևէ խնդիր չկա, և օրինակ բերել Գորիս-Կապան ճանապարհը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրելյանը այս օրերին մամուլում տարբեր ընդդիմադիր գործիչների կողմից հրապարակված փաստաթուղթը արժանահավատ չի համարում:
Ըստ տարածվող նյութերի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գաղտնի հուշագիր է ստորագրվել, որը վերաբերում է Գորիս-Դավիթ-Բեկ և Գորիս-Կապան ճանապարհահատվածներում անվտանգ երթևեկության կազմակերպմանը:
Սիսակ Գաբրիելյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - «Էկեք հենց հիմա գնանք իմ աշխատասենյակ, երեք հարյուր հատ էդպիսի փաստաթուղթ կազմենք ցանկացած բովանդակությամբ: A4 չորս ֆորմատի թղթի վրա համակարգչով հավաքած տեքտ է, որի մեջ ինչ ասես գրում են: Եվ դա տարածում են որպես ճշմարտություն»:
Հարցին չորեքշաբթի Կառավարության հետ հարցուպատասխանին անդրադարձել էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը մանրամասնել էր՝ ինքը տեղյակ է միայն նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ստորագրված հայտարարություններից։ Բացի դրանից՝ ըստ փոխվարչապետի, կա մեկ պայմանավորվածություն Գորիս - Դավիթ Բեկ ճանապարհահատվածի մասին, որն անցնում է «վիճելի տարածքներով»: Այն, որ այլ փաստաթուղթ չկա, երեկ ասել է նաև Հայաստանի գլխավոր դիվանագետը: «Իմ քայլից» Հայկ Գևորգյանը այսօր մանրամասնեց, թե ճանապարհներին առնչվող ինչ իրավիճակ է Հայաստանի հարավային մարզում:
Հայկ Գևորգյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - «Դուք գիտեք, որ, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, այսինքն՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել»:
Իշխանության հավաստիացումները ընդդիմադիրներին չեն գոհացնում: Լուսավոր Հայաստանից թեև փաստում են, որ հրապարկված փաստաթուղթը ստորագրված և կնքված չէ, այդուհանդերձ կարծում են, որ իշխանությունը պետք է պարզաբանի նման հուշագիր իրականում գոյություն ունի, թե ոչ:
Էդմոն Մարուքյան (ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար) - «Մենք հիմնավոր կասկած ունենք, որ բանավոր պայմանավորվածության իրականացվածի տեքստն է, գուցե չստորագրված կամ իրականում ստորագրված: երեք օր է տարածվում է բարդ է հերքել, եթե նման բան չկա»:
«Լուսավոր Հայաստանը» գրավոր հարցում է ուղարկել Կառավարություն՝ ակնկալելով պարզաբանում: Չորեքշաբթի խորհրդարանի ամբիոնից Տիգրան Ավինյանը նշել էր, որ բարձրացված հարցերը պարունակում են պետական գաղտնիք, ուստի անհրաժեշտության դեպքում պատգամավորները կարող են փակ քննարկման հրավիրել պատասխանատու պաշտոնյաների: Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք՝ եթե կան անհանգստացնող հարցեր, ինչու չեն նախաձեռնում նման հանդիպում:
Էդմոն Մարուքյան - «Ես այդ գաղտնիության մեջ խնդիր եմ տեսնում»:
Սյունիքում իրավիճակը խնդրահարույց է համարում նաև «Բարգավաճ Հայաստանը»: Պատգամավորները Ավինյանի պարզաբանումը հարցի առնչությամբ բավարար չեն համարում:
Պաշպանության նախարարությունը Սյունիքի մարզի ավտոճանապարհի Դավիթ Բեկ-Գորիս հատվածի վերաբերյալ հայտարարություն էր տարածել 2020 թ. դեկտեմբերի 19-ին: Գերատեսչությունը երեկ կրկին հիշեցրեց՝ համաձայն այդ պայմանավորվածության՝ նշված ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր: