Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի արտահերթ նիստի աշխատանքներին մասնակցել է ավագանու 35 անդամ, օրակարգում ընդգրկված է երեք հարց: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանի խոսքով՝ ավագանու 2020 թ. դեկտեմբերի 23-ի 310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Երևանի ավագանու որոշման նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2021 թ. բյուջեում իրականացնել որոշ փոփոխություններ:
«Մենք նախատեսել ենք փոփոխությունները, բաշխումը կատարել հետևյալ խմբավորմամբ՝ 15 մլրդ 693 միլիոն 410 հազար դրամ բաշխումը հետևյալ սկզբունքով՝ ավտոբուսների ձեռքբերումների մասով նախատեսել ենք՝ 8 միլիարդից 4 միլիարդն ունեինք, 3 մլրդ 200 մլն ավելացնել, բացի դրանից՝ ավտոբուսների ձեռքբերման մասով նախատեսվում է ավելացնել 6 մլրդ 421 միլիոն դրամ:
Վերելակների ձեռքբերման մասով պարտավորությունների մարումը 2021 թ. մեկնարկած վերելակների ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով՝ 2 մլրդ 155 միլիոն: Կնքված պայմանագրեր 100 ավտոբուսի մասով՝ 1 միլիարդ 350 միլիոն, նախատեսված պարտքի պայմանագրերի անցում-մարում՝ 125 միլիոն, ավտոբուսների մաքսազերծում, որը նախատեսվում է կատարել 1 միլիարդ, շինարարական բնույթի ծրագրերի համար նախատեսվում է 450 մլն դրամ, «Ակտիվ քաղաքացի» հարթակի մասով նախատեսվում է 107 միլիոն դրամ»,- տեղեկացրեց Ներսեսյանը:
Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ անգլիական ընկերությունը նոր ավտոբուսային ցանց է նախագծել մեզ համար: Նախատեսված է, որ պետք է լինի մոտ 850 ավտոբուս, որից 450-ը լինելու է 7,5-8,5-մետրանոց, մնացածը՝ 12- և 18-մետրանոց ավտոբուսներ:
«Այս պահին մենք հաստատում ենք 161 հատ 8,5-մետրանոց ավտոբուսների գնումը: Սա երկար և շատ դժվար աշխատանք է պահանջել, նաև գիտեք՝ առկա պայմաններում հանրապետության շատ գործարարներ և արտադրողներ վախենում են ներդրումներ անել, այսինքն՝ պայմանագրեր կնքել, բայց մենք վստահեցրել ենք, որ մենք մեր պարտականությունները վստահ կկատարենք, և իրենք էլ իրենց կողմից կկատարեն մատակակարումը: Ծրագիրը պետք է շարունակական լինի: Մենք ուզում ենք առաջին քայլով ձերբազատվել այդ միկրոավտոբուսներից»,- հայտնեց Մարությանը՝ տեղեկացնելով, որ 7,5-8,5-մետրանոց ավտոբուսները 90-95 տոկոս դեպքերում արտադրվում են Չինաստանում:
«Մեզ համար կարևորը ոչ թե այն երկիրն է, որն արտադրում է, այլ կարևորը՝ ինչ պարամետրեր ենք մենք դրել, իսկ մենք դրել ենք այդ դասի մեջ ամենաորակյալ պարամետրերը, որը պահանջվում է Երևան քաղաքին: Ուզում եմ հպարտությամբ ասել՝ բավական շատ լավ գին ենք ստացել այս որակի ավտոբուսների համար, և եթե գործարքը կայանա, և ամեն ինչ լավ լինի, ու մատակարարումը լինի, կհամարեմ սա լավագույն ձեռքբերումը Երևանի համար»,- ասաց Երևանի քաղաքապետը: