Լյուքսեմբուրգ այցելության ընթացքում Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Պատգամավորների պալատ, ուր նրան ընդունել է խորհրդարանի նախագահ Ֆերնան Էշտենը։
Օրենսդիր մարմնի ղեկավարին հանձնելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը՝ Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանի՝ Արցախի դեմ ագրեսիան դատապարտող միաձայն բանաձևերի համար։
Խորհրդարանի ղեկավարի խնդրանքով՝ դեսպան Բալայանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ իրականացված ագրեսիայի ընթացքում և դրանից հետ կատարված ռազմական հանցագործությունները, կարևորել խորհրդարանների դերակատարությունը և հետևողականությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու գործընթացում։
Զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է արվել երկկողմ համագործակցության խորացման հնարավորություններին և կարևորվել խորհրդարանական դիվանագիտության կարևոր ներդրումն այդ հարցում։
Այցի շրջանակներում դեսպան Բալայանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Առևտրի պալատի նախագահ Լյուկ Ֆրիդենի հետ։ Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առևտրատնտեսական համագործակցության հնարավոր ուղղություններին և ընդլայնման նպատակով գործնական քայլերին։
Տիգրան Բալայանը հանդիպել է նաև Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժին, ում հետ մտքեր են փոխանակվել գիտակրթական բնագավառում համագործակցության հաստատման շուրջ։