Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, այսինքն՝ Հայաստանի սահմանները ԵԱՏՄ սահմաններն են, և երրորդ երկրներից, այդ թվում՝ թուրքական ապրանքների՝ Հայաստանի սահմանը հատելու դեպքում պետք է հանդիպեն ԵԱՏՄ մաքսային սահմանափակումների: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ խոսելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման և դրա տնտեսական ազդեցության մասին:
«Սահմանի բացման դեպքում Թուրքիայից եկած ապրանքները նույնպես մաքսազերծվելու են ԵԱՏՄ մաքսային կանոններով: Իսկ մաքսային դրույքաչափերը բավականին բարձր են»,- պարզաբանեց պատգամավորը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ հավելեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության մասին որևէ խոսք չկա, խոսքը բացառապես ճանապարհների ապաշրջափակման մասին է: «Այդ առումով Հայաստանն ու Ադրբեջանը հավասարազոր դիրքերում են: Ինքս անձամբ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է Հայաստանը Ադրբեջանի հետ առևտրաշրջանառություն իրականացնել»,- ընդգծեց նա: