Փոքրիկների միջև կորոնայի պարտադրած հեռավորությունը 1.5-ից դառնում է 1 մետր: Նույն սենյակում թույլատրվում է 18-ի փոխարեն մինչև 20 երեխա դաստիարակել: Դպրոց-մանկապատեզների համար կրթական գերատեսչության այսօր հրապարակած մեղմացմանն ամենաշատը, թերևս, Երևանում էին սպասում. հերթագրված 12 հազար երեխա կա: Մոտ 3 000-ն էլ, որ մանկապարտեզ էր գնում, հիմա քովիդի պատճառով ստիպված տանն է: Նրանցից ոմանց 2 օրից հետ կկանչեն՝ պարզաբանում է քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Նունե Սարգսյան (Երևանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ) երկուշաբթի միայն կվերընդունվեն համակազմից դուրս մնացած այն երեխաները, որոնց ծնողը զոհվել է, ցավոք, որոնց ծնողներից երկուսը աշխատում են, այսինքն՝ երկուսն էլ գրանցած աշխատում են ու խնամող չունեն: Երրորդը հաշմանդամություն ունեցողներն են:
Մեղմացումների շնորհիվ առաջին փուլում քանի՞ երեխա կկարողանա վերադառնալ նախակրթարան՝ կանխատեսում չկա: Եթե մնան ազատ տեղեր, կկազմակերպվի ընդունելություն արդեն հերթագրված երեխաների ցանկից: Քաղաքապետարանի բակում այս շաբաթվա բողոքի ակցիան, փաստորեն, արդյունք տվեց, հերթը կամաց առաջ կգնա: Այստեղ էլ, սակայն, առաջնահերթություն կա. «Մանկապարտեզ» էլեկտրոնային բազայում դրանք նարնջագույն նշումով տվյալներն են: Մի դեպքում դա երկվորյակի, եռյակի համար ներկայացված դիմում է, մյուս դեպքում՝ հաշմանդամություն ունեցող ծնողի բալիկի: Նուբարաշենի 125-րդ մանկապարտեզի համար՝ աշխատավայրից տեղեկանք ներկայացրած ոստիկան մայրիկի հայտը, նկարահանման պահին գույնը փոխեց:
Լուսինե Մարտիրոսյան (Երևանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի աշխատակից) - Ես հիմա կանեմ ձեր ներկայությամբ, եթե արդեն նարնջագույն ժապավենը կա՝ ծնողը կարող է հետևել երեխայի հերթին: Հիմա տեսեք՝ խոսքն այս երեխայի մասին է, որ դարձավ արտահերթ և ունեցավ նարնջագույն ժապավեն:
Պետք չէ մանկապարտեզի նույնիսկ վարիչին բանավոր ասել, որ բազմազավակ եք կամ այլ կարգի արտոնություն ունեք: Պետք է այդ մասին վկայող փաստաթղթերը կցել երեխայի գործին, հիշեցնում են քաղաքապետարանից այն ծնողներին, որոնք բողոքում են թե՝ իրենց դիմումը տեղում դոփում է: Ընդ որում՝ առաջնահերթերից էլ են ընտրելու. օրինակ՝ եթե զինվորականի երկու երեխա լինի՝ մանկապարտեզ կգնա ավելի վաղ հերթագրվածը: Որոշված է բոլոր տիպի հերթերից դուրս նախակրթարան ընդունել միայն Արցախյան վերջին պարերազմում զոհվածների երեխաներին՝ հայտարարում է Նունե Սարգսյանը:
Նունե Սարգսյան - Այսքան արտահերթությունների մեջ առաջնահերթը, որը քննարկման ենթակա չի՝ զոհվածի երեխան է: Եթե զոհվել է այս պատերազմի ընթացքում՝ նրա երեխան ընդունվում է առաջին հերթին:
Մանկապարտեզի համար հերթագրվածների մայրաքղաքային ցուցակում՝ այս պահին 20 զոհվածի երեխա կա: