Երևանի Կենդանաբանական այգու Բունկա փիղն անհամբեր է. բացօթյա տարածք էլ դուրս չի գալիս. պատճառն ահա այս գունեղ տնակի բացումն է:
Այսօրվանից հենց այս ցուցասրահի ապակե տարածքից Բունկան կողջունի այցելուներին: Փոքրիկների ոգևորությունը մեծ է. տեսնում են հատկապես, թե ինչ ուտելիքներ է նախընտրում իրենց սիրելի փղիկը:
Էդուարդ Ներսեսյան - Ամենաշատը սպասում էի փղին, ուզում էի տեսնել, թե ինչպես է ուտում:
Էլեն Պողոսյան - Փղիկը նոր սենյակ ունեցավ, կերավ տարբեր բաներ:
Բունկա փիղը Երևանի կենդանաբանական այգում է 2014 թվականից. այդ ժամանակ էր, որ բոլորին հայտնի Գրանտ փղիկը տեղափոխվեց Թբիլիսիի կենդանաբանական այգի՝ սիրելիի մոտ:
Գոռ Ղազարյան - Ուրախ եմ, որ եկել եմ, շատ հաճելի է այստեղ:
Նատալի Սինանյան - Մենք իրեն կանչում էինք, գալիս էր, հետո կրկին մտնում էր տունը:
Բունկայի դղյակում առանձնացված է նաև հատուկ պատմական անկյուն: Այստեղ այցելուները հնարավորություն ունեն լուսանկարների և դրան ուղեկեցող պատմություններով ծանոթանալ տարբեր ժամանակներում կենդանաբանական այգում եղած բոլոր փղերին:
Չարաճճի ու խելացի Բունկան, այգու գլխավոր կենդանաբույծի խոսքով, կամակոր բնավորություն ունի. զայրանում է, երբ սնունդն ուշացնում են, բացի այդ՝ մշտապես հատուկ խնամք է պահանջում:
Աննա Ասատուրյան, Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույծ - 2007 թվականի ծնված է Բունկան, և սա շատ լավ գաղափար էր ձմեռանոցի բացումը, որովհետև մենք հնարավորություն ենք տալիս մեր այցելուներին, որպեսզի նրանք նաև կենդանու ապրելակերպին ծանոթանան:
Կենդանաբանական այգու տնօրինությունը վստահեցնում է՝ այցելուների համար հետաքրքիր ու հաճելի ժամանցի կազմակերպման համար առաջիկայում դեռ այլ գաղափարներ էլ կիրականացվեն: