ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է տվյալներ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից:
«Կարևոր փաստեր՝ Ադրբեջանի սանձազերծած` 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:
Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ:
Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից:
Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով` պատերազմի ընթացքում կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30,000 երեխա: Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց:
2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ: Վիրավորում է ստացել, այդ թվում՝ հաշմանամություն ձեռք բերել 163 խաղաղ բնակիչ: Տվյալներն` ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թաթոյանը: