Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվեց շրջակա միջավայրի վրա շինարարակական աշխատանքների ազդեցության նվազեցմանն առնչվող նախագիծ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանն ասաց, որ շինարարության հետևանքով շատ հաճախ վնասվում են ծառերը, թփերը: Նախագծով սահմանվում են դրանք պաշտպանելու միջոցառումներ:
Հարցի շրջանակում քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ Երևանում շինարարությունները շատ փնթի են կազմակերպված, մինչդեռ շինաշխատանքները պետք է նվազագույն վնաս հասցնեն տրանսպորտին և հետիոտնին, մաքուր արվեն:
«Պետք է մենք էլ, կառուցապատողն էլ հետևենք դրան: Շինհրապարակից դուրս գալիս տեխնիկայի անվանդողերը պետք է մաքրվեն, այսօր դա չի արվում: Խիստ հանձնարարական եմ տվել՝ զգուշացնել կառուցապատողներին, որից հետո կսկսենք տուգանել, քանի որ անընդհատ չենք կարող մաքրել փողոցները»,- ասաց Մարությանը: