Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հավաքի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն անդրադարձավ ամիսներ առաջ իր հնչեցրած ապստամբություն բարձրացնելու մասին հայտարարությանը:
«Հայտարարեցի, որ ժողովուրդն իրավունք ունի ապստամբության, և շատ տարբեր երկրներում այն տեղի է ունեցել: Հեղափոխությունները նախապատրաստում են, բայց ապստամբությունները՝ ոչ, դժգոհ ժողովուրդն ինքը ապստամբում է: Ես իմ կողմից միշտ էլ կխրախուսեմ ապստամբությունը: Ցանկացած միջոց, որ ֆիզիկական միջոցների չի դիմում մարդկանց նկատմամբ, բայց նպաստում է իշխանություններից ազատելուն, ես կխրախուսեմ»,- նշեց Մանուկյանը:
Ընտրությունները մի՞թե պետության համար ավելի դյուրին տարբերակ չէին ինչ-որ բան փոխելու, և մի՞թե ապստամբությունը վտանգավոր չէ՝ «Լուրեր»-ի հարցին ի պատասխան՝ Մանուկյանը նշեց, որ իր համար ավելի վտանգավոր տարբերակ չկա, քան Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելը:
«Մնացած բոլոր տարբերակները շատ ավելի մեղմ են, քան այն տարբերակը, որ Փաշինյանը մնում է այդտեղ»,- նշեց Մանուկյանը: