Եվրասիական տնտեսական միության երկրները ձեռնամուխ են եղել գազի և նավթի ընդհանուր շուկաների ձևավորմանը: Միության անդամ պետությունները հաստատել են ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, ընթանում է էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծման նախապատրաստումը։
Լեոնիդ Շենեց, ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրեն - Հարցն արդիական է, մենք այսօր ակտիվ քննարկման առարկա ենք դարձրել նավթին ու նավթամթերքին վերաբերող նորմատիվ ակտերի պատրաստման թեման: Այս տարի մենք անցնում ենք գազի ընդհանուր շուկայի ձևավորման հաջորդ փուլին, նախապատրաստած ակտը վերանայման կդրվի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հաջորդ նիստում:
Ճանապարհը բավական բարդ է, բայց, արդյունքում, Հայաստանի համար հասկանալի կդառնան գնագոյացման հարցերը, սպառող երկրների համար կստեղծվեն ճիշտ և բարենպաստ պայմաններ: Գազի ընդհանուր շուկան ձևավորվելու է երեք փուլով: Առաջին փուլն ավարտվել է անցյալ տարի: Ղեկավարները հաստատել են նավթային ոլորտում Միության երկրների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների ծրագիրը և երկրորդ փուլ անցնելու որոշում կայացրել: Խոսքը շուկայի ենթակառուցվածքային, տեխնոլոգիական և իրավական հիմքի ստեղծման մասին է: Շուկայի ստեղծման հիմնական խոչընդոտներից է այն, թե ինչպես կարելի է հաշվել էներգակիրների տարանցման և փոխադրման գինը: Այդտեղ ամեն ինչ կախված է ԵԱՏՄ շրջանակում ինտեգրման մակարդակից:
Լեոնիդ Շենեց - Երկրորդ փուլն ավարտվում է այս տարի, այնպես որ, ժամանակային առումով մենք խիստ սահմանափակված ենք: Ինչ վերաբերում է գնագոյացմանը, այդ մոտեցումները պետք է ընդգրկվեն նորմատիվ ակտերում և դրանց քննարկման շրջանակներում էլ որոշումներ կկայացվեն, թե ինչպես պետք է այն իրականացվի:
Հայաստանի համար ռուսական գազի գինը 2021 թվականի առաջին եռամսյակում մնալու է 2020-ի մակարդակին՝ 165 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար: Հետագայում գազի մատակարարման վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվելու են:
Լեոնիդ Շենեց - Գազի մատակարարման պայմանագրերը կազմվում են երկկողմ միջազգային համաձայնագրերի շրջանակներում: Ամենակարևորն այն է, որ մենք այս ծրագրի շրջանակում նախատեսում ենք շուկայական գնագոյացումը, բնական գազի վաճառքն առևտրային հարթակում, որտեղ էլ կձևավորվի դրա ցուցանշային արժեքը: Այդ պատճառով ինչ-որ արտոնյալ փոփոխություններ մեր նորմատիվ ակտերի շրջանակներում այսօր նախատեսված չեն:
Դեպի Հայաստան տարանցումը երկար է, հետևաբար՝ ծախսատար ու թանկ: Դա է խնդիրը, որ Հայաստանում նաև ռուսական էներգաընկերությունները չեն կարող գազ օգտագործել ՌԴ գներով՝ ասում է ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրենը: ԵԱՏՄ-ում էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորումը նախատեսվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Դա գործարարներին թույլ կտա ազատորեն ընտրել էներգառեսուրսների մատակարարներին, ինչը դրականորեն կանդրադառնա արտադրանքի ինքնարժեքի վրա: