Այսօր մեզ մոտ հանրահավաք չէ, ես ուղղակի հրավիրեցի ժողովրդին՝ միասին հարցեր քննարկելու, հանրահավաքն ամսի 20-ին է՝ Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Այսօրվա հավաքը շարժման հետ կապ չունի, իր անձնական նախաձեռնությունն է՝ նշեց Մանուկյանը՝ վստահություն հայտնելով, որ փետրվարի 20-ին սպասվելիք հանրահավաքը մեծ կլինի:
«Հրատապ իրավիճակ եղավ, պարզվեց, որ մեր մեջքի հետևում ևս մեկ կապիտուլյացիոն պայմանագիր է կնքված, դրան ավելացավ այն, որ որոշում ընդունվեց թղթակիցներին թույլ չտալ Սյունիքից ազատ մեկնաբանել»,- նշեց Մանուկյանը:
Արտահերթ ընտրությունների մասով իշխող «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանն անդրադառնալիս Մանուկյանը նշեց, որ իրենք կողմ էին ընտրությունների, որոնք կանցկացվեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, երբ երկրի վարչապետի պաշտոնը ինքը կզբաղեցներ:
«Մեր ծրագիրը մնաց նույնը՝ համաժողովրդական շարժումով իրեն փոխել: Նիկոլ Փաշինյանը եթե փոխվի, ժամանակավոր իշխանություն լինի, ես կլինեմ վարչապետ, ես հայտարարել եմ, որ դրանից հետո ընտրություններին չեմ մասնակցի: Եթե Փաշինյանը հայտարարեր ընտրություններ և իրեն հաջողվեր անցկացնել, որը ես անհնարին եմ համարում, նույնիսկ այդ դեպքում ես հայտարարել եմ, որ չեմ մասնակցի»,- նշեց Մանուկյանը: