Գորիս-Կապան հատվածում 21 կմ-ն անցնում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս՝ Ադրբեջանի տարածքով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:
«Այնպես չէ, որ դա պետք է համաձայնագրերով լինի. պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի ու գործում է: Ոչ մի վայրկյան ադրբեջանցիների կողմից այդ ճանապարհը չի փակվել»,- ասաց Գևորգյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ «Լուրեր»-ի հարցին ի պատասխան, թե արդյոք Սյունիքում անհանգստացնող որևէ գործընթաց չկա՝ հաշվի առնելով, որ լրագրողներից մեկն ասել էր, որ երբ նկարահանման են եղել մի բնակչի մոտ, ԱԱԾ սպան մոտեցել է ու ասել, որ պետք է լինի ծառայության տնօրենի թույլտվությունը:
Պատգամավորը նշեց, որ վերջերս ռեպորտաժ էր պատրաստվել, որում կար մի ճանապարհահատված, որի մի հատվածը ադրբեջանական վերահսկողության տակ է, մյուս հատվածը՝ հայկական:
«Տներից մեկը շատ մոտ է գտնվում այդ ճանապարհահատվածին, գուցե այդ նշված դեպքը հենց այդ ճանապարհահատվածի մասին է, այդ տանն է առնչվում»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ դա արվել էր անվտանգությունից ելնելով: