6 ամիս և 38 միջոցառում. կառավրությունը պատրաստվում է հաղթահարել կորոնավիրուսի համավարակի և պատերազմի առաջացրած ցնցումները: Փոխվարչապետ Ավինյանի հրապարակած հոդվածում առանցքային 4 ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է: Մեկնարկելու է բարձր ավելացված արժեք ձևավորող մշակաբույսերի աճեցման և վերամշակման գործընթացը: Խոսքն, առաջին հերթին, արտադրական կանեփի մասին է: Ավինյանը ներկայացրել է վիճակագրություն՝ 2016 թվականին արտադրական կանեփի շրջանառության ծավալն աշխարհում կազմել է 2,76 միլիարդ դոլար: 2027 թվականին այդ ծավալը գերազանցելու է 15 միլիարդ դոլարը:
Տիգրան Ավինյան - Համաշխարհային տնտեսության այդ ոլորտ մուտք գործելն էական նշանակություն կունենա Հայաստանի տնտեսության համար: Անշուշտ, ոլորտի յուրահատուկ բնույթը հաշվի առնելով՝ ներդնելու ենք խիստ և հստակ կարգավորումներ՝ կրկին օգտագործելով միջազգային փորձը:
Հաստատված ծրագրի երկրորդ կարևոր կետը՝ պետական գնումներում տեղական ընկերությունների մասնակցության խթանումն է: Ավինյանը նշում է՝ պետական գնումների գործընթացում կառավարությունը սուբսիդավորելու է այն ընկերություններին, որոնք իրենց ծառայությունների մատուցման շրջանակում օգտագործելու են ներքին ռեսուրսը:
Տիգրան Ավինյան - Սուբսիդիայի միջոցով բիզնեսը փաստացի աջակցություն է ստանալու կառավարությունից: Ըստ էության, այս միջոցառմամբ կառավարությունը նաև նպաստելու է տեղական արտադրանքի ծավալների աճին ու տեղական աշխատաշուկայի աշխուժացմանը: Կարելի է ասել, որ միջոցառման թիրախային խումբը տեղական աշխատանքային ու ապրանքային ռեսուրսներն են, նպատակը՝ տեղական արտադրողին սատարելը:
Կառավարությունը փոխելու է նաև կորոնավիրուսի տնտեսության վրա բացասական ազդեցության դեմ պայքարի ռազմավարությունը: Ավելի վաղ իրագործված 25 ծրագրից 4-ը շարունակելու է գործել: Ըստ Ավինյանի՝ մոտ 10 մլրդ դրամի լրացուցիչ տեղաբաշխում է իրականացվելու: Ընդլայնվելու է նաև միջոցառումների շահառուների շրջանակը:
Տիգրան Ավինյան - Ըստ նախնական գնահատման՝ տարբեր ուղղություններով աջակցություն են ստանալու գյուղատնտեսական ոլորտի շուրջ 8000 շահառուներ, շուրջ 500 տնտեսվարողներ, շուրջ 100 փոքր և միջին ձեռնարկություններ:
Փոխվարչապետի ներկայացրած չորրորդ կետը խոշոր քաղաքաշինական ծրագրերին է առնչվում: «Ֆիրդուսի» կառուցապատման ակտիվացում, «Կոնդ» թաղամասի զարգացման ներդրումային փաթեթի և «Հին Երևանի» ծրագրի իրագործում: Քաղաքաշինական այս հայտնի ծրագրերից բացի փոխվարչապետը խոսում է նաև «Սարյան 22» հասցեում գտնվող շենքի ներդրումային ծրագրի մեկնարկի մասին: