Հաշվի առնելով ճանապարհային ոստիկանների կողմից 2020 թվականի օգոստոսի 22-ին երկու քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված հարցադրումները, ինչպես նաև հիշյալ դեպքի վերաբերյալ հատկապես վերջին օրերին մամուլում շրջանառվող տեսանյութն ու դրա մասին երբեմն թյուրընկալումների տեղիք տվող հրապարակումները՝ Հատուկ քննչական ծառայությունը հարկ է համարել առավել մանրամասն ներկայացնել հիշյալ քրեական գործի հանգամանքները:
«Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում՝ քրեական գործի նյութերին կցված տեսանյութերի զննությամբ և դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ քաղաքացիների նկատմամբ դիտավորությամբ բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության երեք տեսուչ՝ Սարգիս Մնացականյանը, Սահակ Խաչատրյանը և Սեյրան Սարգսյանը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել Արթուր Մեսրոպյանին ու Տիգրան Մեսրոպյանին:
Մասնավորապես, ՃՈ տեսուչներ Սարգիս Մնացականյանն ու Սահակ Խաչատրյանը 2020 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են արգելված վայրում կայանված՝ Արթուր Մեսրոպյանին պատկանող ավտոմեքենան, որից հետո այն տեղափոխվել է «ՃՈ» ծառայության պահպանվող հատուկ տարածք:
Նույն օրը՝ ժամը 22:20-ին, Արթուր Մեսրոպյանն իր ազգականի՝ Տիգրան Մեսրոպյանի հետ, այցելել է Երևան քաղաքի Թաիրովի փողոցի 14-րդ հասցեում գտնվող՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակ, որտեղ պարզաբանումներ է պահանջել տեսուչներ Սարգիս Մնացականյանից և Սահակ Խաչատրյանից՝ ավտոմեքենան հիշյալ տարածք տեղափոխելու պատճառների վերաբերյալ և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ոստիկանների հասցեին:
Սարգիս Մնացականյանը և Սահակ Խաչատրյանը Արթուր Մեսրոպյանի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն՝ դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Արթուր Մեսրոպյանի մարմնի տարբեր մասերին, պատճառել մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Տիգրան Մեսրոպյանը փորձել է միջամտել, սակայն Սարգիս Մնացականյանը իր մեկ այլ գործընկերոջ՝ ՃՈ տեսուչ Սեյրան Սարգսյանի հետ բռնություն է գործադրել նաև Տիգրան Մեսրոպյանի նկատմամբ՝ ձեռքով ու ոտքով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ճանապարհային ոստիկանության երեք տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչի որոշմամբ նրանց պաշտոնավարումը դադարեցվել է:
Ճանապարհային ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին: Վերջինիս կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և քրեական գործն ուղարկվել դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Միջադեպին անդրադարձել է նաև գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Երեկ համացանցում ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ՝ ոստիկանների մասնակցությամբ քաղաքացուն ծեծի ենթարկելու վերաբերյալ՝ ներկայացնելով դա որպես օրերս կատարված իրադարձություն:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ օրերս կատարված իրադարձության մասնակից ոստիկանները չէին կարող լինել ամառային համազգեստով, և տեսանյութում երևացող այդ ակնառու փաստն ինքնին արդեն խոսում էր ժամանակագրական առումով հրապարակվածի ապատեղեկատվություն լինելու մասին:
Իրականում այս դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա կեսերին, դրա կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել, և քննվել է քրեական գործ, որով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության ՃՈ 3 տեսուչի, և այդ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Այդ մասին, ի դեպ, ՀՀ դատախազությունը նաև հաղորդագրություն է հրապարակել 2021 թ. հունվարի 21-ին:
Ավելացնեմ նաև, որ մեղադրանք առաջադրելուց հետո դատախազի համաձայնությամբ այդ տեսուչների պաշտոնավարումը կասեցվել է:
Հ.Գ. Ուղղակի զարմանալի է, թե լրատվամիջոցներն ինչպես են արագ կուլ տալիս անգամ վիզուալ ու բովանդակային ակնհայտ հակասություններ ունեցող տեղեկատվական խայծերը:
Հ.Գ.-2. Տելեգրամյան ալիքների «տեխնոլոգիան» վերածվում է կոնկրետ գլխացավանքի և «տեղեկատվական դիվերսանտի»,- ասվում է Գոռ Աբրահամյանի Ֆեյսբուքի գրառման մեջ: