Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն ավագանու արտահերթ նիստում հայտնեց մոտ ապագայում իր գործունեությունն ավագանիում դադարեցնելու մասին:
Նա նշեց, որ որոշումը պայմանավորված է առողջական խնդիրներով, ինչի պատճառով նաև ստիպված է եղել շատ անգամներ բացակայել ավագանու նիստերից:
«Մոտ ապագայում ես, թերևս, այստեղ չեմ լինի: Չեմ կարող ասել, երբ դա տեղի կունենա, բայց առաջիկա նիստերին ես կրկին բացակա կլինեմ, իսկ երբ վերջնական որոշում լինի, կտեղեկանաք, խնդրում եմ խիստ չդատել»,- ասաց Էյրամջյանը՝ հավելելով.
«Ներողություն եմ խնդրում մեր ընտրողներից, եթե ես ստիպված լինեմ ճանապարհի կեսից լքել իմ աշխատանքը, ներողություն եմ խնդրում կիսատ թողած գործերի համար: Շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևանի քաղաքապետին, իմ խմբակցությանը և ընդդիմադիր գործընկերներին, որոնց հետ կառուցողական գործակցություն ենք ծավալել»:
Հայկ Մարությանը հստակեցրեց, որ խոսքն այս պահին հեռանալու մասին չէ, և առողջություն մաղթեց Սուրեն Էյրամջյանին: