Կառավարության որոշմամբ «Արմենիա վայն» ընկերությանը «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն ստեղծելու համար «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքից կհատկացվեն հողատարածք և կիսաքանդ կաթսայատունը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով «Գույք հետ վերցնելու և օտարելու մասին» հարցը, տեղեկացրեց՝ «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ն Երևանի Իսակովի 11/1 հասցեում իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է նաև «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն: Ծրագրի իրականացման նպատակով, նախնական գնահատականով՝ կներդրվի 40 միլիոն դոլար և կստեղծվի 5000 աշխատատեղ:
«Ընկերությունը խնդրել է հարևանությամբ գտնվող «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում առկա 9053 քմ մակերեսով հողատարածքը և կիսաքանդ կաթսայատունը ևս օտարել ընկերությանը՝ ծրագրի ընդլայնման համար: Գույքի օտարման դեպքում ընկերությունը ՊՈԱԿ-ի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել վերջինիս պատկանող մարզադաշտից»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ընկերությունը, գույքը ձեռք բերելու դեպքում, կիրականացնի 1 միլիարդ դրամի ներդրում: