ՀՀ Կառավարության նիստում ընդունվեց վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին որոշումը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի շարունակականությունը և ֆինանսական կառույցների համար պետական աջակցության ծրագրերին մասնակցությունը ապահովելու, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսվարողների գործունեությունը խթանելու, ծրագրերին մասնակից բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ ապահովելու և արտոնություններ սահմանելու անհրաժեշտությամբ:
«Ներկա պայմաններում առաջացել են խնդիրներ՝ կապված ֆինանսական կառույցների կողմից ցածր տոկոսադրույքով վարկի կամ լիզինգի տրամադրման հետ, որը պայմանավորված է ֆինանսական համակարգում տոկոսադրույքների աճի ուղղությամբ առկա միտումներով։ Միաժամանակ, արտակարգ և ռազմական դրությամբ պայմանավորված առաջացել են նաև խնդիրներ՝ պետական աջակցության ծրագրերին մասնակից բոլոր տնտեսվարողների համար միանման արտոնյալ պայմաններ ապահովելու հարցում:
2020 թ. գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով Կառավարության կողմից մարտին ընդունված որոշմամբ՝ պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրվող վարկը և լիզինգը տնտեսվարողներին հասանելի դարձան 0% տոկոսադրույքով, որի արդյունքում վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակում ներդրումները շուրջ 2 անգամ գերազանցեցին նախորդ տարվա ցուցանիշը և ընդհանուր առմամբ կազմեցին շուրջ 101,0 մլրդ դրամ»,- նշեց նախարարը։
Քերոբյանը հավելեց, որ վարկի և լիզինգի 0% տոկոսադրույքով հասանելիությունը դրական ազդեցություն է ունեցել նաև գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշի վրա։ Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2020 թ. 2019 թ. նկատմամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճը կազմել է 1,4%։
«Նախագծով սահմանվում է, որ գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը ֆինանսական կառույցների կողմից ՀՀ դրամով տրամադրվող վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 14%-ը, առաջ դա 12% էր։ Միաժամանակ, պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, այսինքն՝ այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը կամ լիզինգը տնտեսվարողներին հասանելի լինեն 0% տոկոսադրույքով»,- նշեց նախարարը:
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ֆինանսական կառույցներին մասնակցելու վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերին և ապահովելու գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի շարունակականությունը, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար ապահովելու միանման արտոնյալ պայմաններ:
Վարչապետը մանրամասնեց՝ խոսքը գյուղատնտեսական ոլորտի աջակցության և լիզինգի ծրագրով տրամադրվող վարկերի մասին է: «2020-ին մենք ռեկորդային թվով վարկեր ենք տրամադրվել: 2018-ի համեմատ 2020-ին տրամադրված վարկերը վեց անգամ գերազանցել են»,- ասաց նա: