Վիրավորանքը և զրպարտությունը սովորական պատճառներով չեն գեներացվում՝ հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագծի մասին իր ելույթում:
Պատգամավորի խոսքով՝ դրանք մեր հասարակությունը քայքայելու, թուլացնելու, պետության քաղաքական դեմքերի՝ իշխանության նկատմամբ անվստահություն առաջացնելու, մեր երկիրը կազմաքանդելու ներերկրային և դրսից գեներացվող տրամադրությունների համար են արվում:
«Ուզում եմ հասկանալ, թե մենք ինչպես ենք պայքարելու արտերկրում Հայաստանի դեմ, Հայաստանի իշխանությունների դեմ անվանարկող, ամենասարսափելի հայհոյանքներով, զրպարտություններով ստեղծվող քոնթենտի դեմ, և դրանք մեծ ջանասիրությամբ տարածվում են տեղական լրատվամիջոցների կողմից՝ հղումներով»,- ասաց Բաբաջանյանը՝ նշելով, որ դրանք հիմնարար լուծումների կարիք ունեն:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել զրպարտության և վիրավորանքի համար տուգանքների չափը: