Կառավարության որոշմամբ այսօր վերաբաշխում կատարվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեի ծախսային մասում:
Նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ որոշումը պայմանավորված է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ կազմակերպված դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարող սուբյեկտներին համապատասխան դրամաշնորհի տրամադրման գործընթացի կազմակերպմամբ: Մրցույթի արդյունքում 330 մասնակիցներ եղան, որոնցից 64-ը հաղթողներ ճանաչվեցին:
«Սակայն բաշխման պրոցեսը համընկավ ռազմական դրության սկզբի հետ, և միջոցները գնացին այլ ուղղությամբ: Այժմ որոշակի հնարավորություններ են ստեղծվել նախարարության բյուջեում վերաբաշխում իրականացնել ու միջոցառումը ավարտին հասցնել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ստարտափ ընկերությունները նախորդ տարվա ընթացքում 50 միլիոն դոլարից ավելի ներդրում են ներգրավել Հայաստան: