ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի թեմային:
Այս թեմայով Մարիա Զախարովային հարց է ուղղել Հանրային հեռուստաընկերության լրագրողը:
«Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը ենթադրում է տրանսպորտային հաղորդակցությունների բացում, սակայն հայերը չեն կարողանում Մարտակերտից Վարդենիս տեղափոխվել, և գյուղի բնակիչները դիմել են խաղաղապահներին՝ աջակցություն ստանալու խնդրանքով: Ի՞նչ դիրքորոշում ունեք այդ հարցի վերաբերյալ»: Վարդենիսից Մարտակերտ և Ասկերանով Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհների բացման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է:
«Եթե վերոհիշյալ երթուղիները գտնվում են ռուս խաղաղապահների վերահսկողության պատասխանատվության գոտիներում, ապա այդ հարցը հավանաբար պետք է տրվեր ՌԴ պաշտպանության նախարարությանը: Հիշեցնեմ, որ եռակողմ հայտարարության վեցերորդ կետի համաձայն՝ Արցախի ու Հայաստանի կապն ապահովվում է Լաչինի միջանցքով»,- նշել է Մարիա Զախարովան:
Երկրորդ հարցը վերաբերել է հայ ռազմագերիներին, թե ի՞նչ փուլում է գտնվում վերադարձի հարցը:
«Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների վերադարձին, ապա մենք աշխատում ենք թե՛ հայ և թե՛ ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում՝ հակամարտության գոտում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հետ: Վերջերս Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատարության միջնորդությամբ տեղի է ունեցել ռազմագերիների հերթական փոխանակում. տուն են վերադարձել մեկ ադրբեջանցի և հինգ հայ: Ընդհանուր առմամբ, հիմք ենք ընդունում այն, որ տվյալ հարցի լավագույն լուծումը «Բոլորը՝ բոլորի դիմաց» փոխանակման բանաձևն է: Այս մասին են հայտարարել ՌԴ նախագահն ու ՌԴ արտգործնախարարը»,- ընդգծել է Զախարովան:
Ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ հարցին, ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է.
«Ներկայում մենք տեսնում ենք իրենց բնակավայրերից հեռացած հայերի ինտենսիվ վերադարձ: Հիմք ենք ընդունում եռակողմ հայտարարության կետը, որը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր ստիպված են եղել հեռանալ իրենց նախկին բնակավայրերից»: