Սիսիանի ոստիկանների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ Սիսիանում բնակվող 63-ամյա մի տղամարդ փետրվարի 11-ին կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որը, ըստ նրա, գտել էր տարիներ առաջ ու պահել խորդանոցում։
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում նույնպես «Կալաշնիկովի» ինքնաձիգ է կամավոր հանձնվել։ Այն բաժին բերած տղամարդը հանձնել է նաև ինքնաձիգի պահունակներ ու մի քանի տասնյակ փամփուշտ։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի և Արտաշատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Փետրվարի 9-ին մի տղամարդ զանգել էր բաժին ու հայտնել, որ Այնթապ գյուղի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում Մասիսի ոստիկանները հայտնաբերեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ ու փամփուշտներ։
Արտաշատի բաժին զանգած անձն էլ հայտնել էր, որ Մարքսի փողոցի սկզբնամասում զենք-զինամթերք է թողել։ Այդ վայրում Արտաշատի ոստիկանները հայտնաբերեցին թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ ու տարբեր հրազենների և տրամաչափի 180-ից ավելի փամփուշտ։
Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ, նռնակ, նռնակի պայթուցիչ ու տարբեր տրամաչափի և հրազենների 70-ից ավելի փամփուշտ Կոտայքի բաժնի ոստիկաններին է ներկայացրել Ակունք գյուղի մի երիտասարդ բնակիչ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը բերել էր նախորդ տարվա նոյեմբերին՝ Արցախից։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու և Ճամբարակի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ներքին Գետաշեն գյուղում բնակվող մի տղամարդ Մարտունու բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 20 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ, որոնք, ըստ նրա, բերել էր նախորդ տարվա նոյեմբերին՝ Արցախից։
Թթուջուր գյուղում բնակվող երկու տղամարդ էլ ոստիկանության Ճամբարակի բաժնում կամավոր հանձնել են ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակների պայթուցիչներ, տարբեր տրամաչափի և հրազենների 100-ից ավելի փամփուշտ և այլն։
Տարբեր տեսակի նռնակներ, նռնակի պայթուցիչ ու տարբեր տրամաչափի և հրազենների 100-ից ավելի փամփուշտ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնում կամավոր հանձնել է Երվանդաշատ գյուղի մի բնակիչ։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: