Ի պատասխան «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնության «Մեր ստուգայց իրականացնող խմբերից մեկը «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասի երրորդ պահաբաժնում գտել է մեծաքանակ ծառահատումներ» վերտառությամբ ֆեյսբուքյան հրապարակման՝
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հրապարակման հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի և «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնում իրականացվել են տարածքի տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում պարզվել է, որ դեռևս 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ապօրինի հատվել են 5-10 մ բարձրությամբ, 4-52 սմ տրամաչափերի, ընդհանուր 6 խմ, 13 տարբեր ծառատեսակների ճյուղեր և ճյուղիկներ (որից՝ 9 բոխի, 3 կաղնի և 1 հացենի):
Հաջորդ հրապարակման մեջ նշված տեղեկությունը՝ «Հենց նոր գտանք 30-ից ավելի կտրած։ Երկու օրվա մեջ համարյա 100 հատ ծառ․․․», նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ հատվել են այդ քանակությամբ ճյուղեր և ճյուղիկներ, ոչ թե ծառեր։
Նշենք նաև, որ ապօրինի հատված ծառերի ճյուղերը ծառատեսակների հետագա աճի և զարգացման համար որևէ էական ազդեցություն չեն կարող ունենալ։
Տեղեկացնում ենք, որ ապօրինի հատված փայտանյութի մի մասը հայտնաբերվել է, կազմվել համապատասխան արձանագրություն և ուղարկվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժին։
Շնորհակալություն ենք հայտնում «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնությանը սրտացավ վերաբերմունքի համար։
«Դիլիջան» ազգային պարկի յուրաքանչյուր աշխատակից բարեխղճորեն իրականացնում է իր առջև դրված խնդիրները։
Անտառը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։