Մենք չպետք է քննարկենք տուգանքի մեծությունը, պետք է քննարկենք տրամաբանությունը՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ իր ելույթում: Պատգամավորը նշեց, որ դատարանը պետք է որոշի, թե վճիռ կայացնելիս որքան սահմանի տուգանքը: «Եթե մեկը կրկնում է արարքը, և դա միտում է, այո՛, սա կարող է դիտարկվել ծանրացուցիչ հանգամանք, և դատարանը ուզենա տուգանքի չափն ավելի մեծ կիրառել»,- ասաց Մանուկյանը: Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ օրենքում տուգանքի նշանակման վերաբերյալ նշված է «մինչև» բառը՝ որոշումը թողնելով դատարանի հայեցողությանը: «Դատարանը կարող է կիրառել ավելի ներքև սանդղակը, մենք որպես օրենսդիր մեծացնում ենք դիապազոնը»,- նշեց նա: