Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց արցախցիներին աջակցելու մասին նախագիծ, որը կընդունվի մինչև հաջորդ նիստը գրավոր ընթացակարգով:
Միջոցառումը վերաբերում է Արցախի քաղաքացիներին 4 ամիս ժամկետով դրամական օգնություն տրամադրելուն: Առաքելյանը նշեց, որ աջակցության նախորդ միջոցառումները կա՛մ ավարտված են, կա՛մ արդեն ավարտին են մոտենում: Մասնավորապես՝ արդեն 15 միլիարդից ավելի աջակցություն է տրամադրվել 100 հազարից ավելի քաղաքացիների:
«Նախագծի ընդունման պարագայում առաջարկվում է մարտից 4 ամսով Արցախի քաղաքացիներին յուրաքանչյուր անձի գծով 68 հազար դրամի աջակցություն տրամադրել, բացառությամբ արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձանց»,- նշեց Առաքելյանը:
Առաջիկայում Արցախի խորհրդարանը կընդունի հարկային համակարգի փոփոխությունները: Մի շարք ոլորտներում շահութահարկը 2 տարի ժամկետով կդառնա 0, իսկ եկամտային հարկը կիջեցվի և կդառնա 15 տոկոս:
Վարչապետը հավելեց, որ միջոցառումները բխում են նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզից, որի իրականացումը հետևողականորեն շարունակելու է գործադիրը: