Օրերս Հայաստան վերադարձած հինգ գերիներից մեկն էլ Աքորի գյուղից Արայիկ Գալստյանն է: Մայրը դեռևս չի հանդիպել որդուն, Լոռիից օդանավակայան հասնել տղամարդիկ չեն թողել, սակայն զրուցել է հեռախոսով: Ընտանիքի երջանկությունն անսահման է, Արայիկի վերադարձը նշելու են ամբողջ գյուղով:
Լոռեցի Անիչկա Միկոյանը երկար ամիսների տառապանքից հետո երկու օր առաջ բախտակից ծնողներից ստացավ երկար սպասված լուրը, որդին՝ Արայիկ Գալստյանը, վերադառնում է գերությունից: Անիչկան չի կարողացել օդանավակայան գնալ, ավելի ճիշտ՝ տղամարդիկ թույլ չեն տվել, բայց երեկ որդին խոսել է մոր հետ, ասել է, որ լավ է:
Երջանկությունն անսահման է, որդին վերադարձել է, բժիշկներն էլ ասել են, որ առողջական լուրջ խնդիրներ չունի, բայց հոգու խորքում դառնություն կա:
Անիչկա Միկոյան - Մինչև վերջին գերին գա հասնի իր ծնողներին: Ինչպես ես եմ ուրախացել, իրենք էլ ուրախանան, նույնիսկ կորածներն էլ գան հասնեն իրենց ծնողներին:
Զանգում են դեռևս Բաքվում մնացած հայ գերիների ծնողները, նրանք ևս անհամբեր սպասում են Անիչկայի որդու տուն հասնելուն, որ մի լուր առնեն իրենց զավակներից:
Անիչկան ասում է, որ Արայիկի վերադարձից հետո ամիսներ շարունակ տունը լցվելու է հյուրերով: Ուրախ է, որ մարդիկ իրենց հետ կիսում են ուրախությունը, բայց որոշել է՝ ամեն ինչ անելու է, որ զրույցները չշոշափեն որդու գերության օրերի պատմությունները: