Կառավարությունն այսօր ընդունեց թվայնացման ռազմավարությունը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ մինչև 2025 թվականը նախատեսվում է թվայնացման գործընթացների ստանդարտների տեղայնացում, կիբեռանվտանգության միջազգային ստանդարտների տեղայնացում, տեխնիկական պահանջների և ֆունկցիոնալ համակարգերի միջազգային ստանդարտների տեղայնացում:
«Նախատեսվում է նաև կիբեռանվտանգության լաբորատորիայի ստեղծում, որը հնարավորություն կտա պետական և մասնավոր հատվածին կիբեռանվտանգության խորհրդակցական ծառայությունների մատուցման և աջակցման: Ոլորտում որոկյալ աշխատուժի պատրաստում, ստանդարտների միջազգային փորձի վերլուծություն և պարբերական հաշվետվությունների մշակում, գրագիտության բարձրացման և գիտելիքների զարգացմանն ուղղված ուղեցույցների մշակում հանրային մասնավոր հատվածի համար, ստանդարտների կիրառելիության ստուգում և համակարգերի սերտիֆիկացում և ստարտափերի խթանում կիբեռանվտանգության ոլորտում»,- ասաց նախարար Արշակյանը՝ հավելելով, որ կսահմանվեն տվյալների կառավարման, դրանց պատկանելության և օրենսդրական դաշտի ներկա վիճակի և միջազգային փորձի վերլուծություն, որով կսահմանվեն առաջնահերթություններ և գործողությունների ծրագիր:
Գյուղական համայնքներում բարձրորակ ինտերնետի հասանելիությունը կբազմապատկվի՝ 40-ից դառնալով 80%: ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ինդեքսով պատրաստվում ենք 67-րդ տեղից հայտնվել առաջատար 25 երկրների ցանկում՝ վստահեցրեց նախարարը:
«Կստեղծվի ազգային կիբեռանվտանգության գերազանցության կենտրոնը, որը պետական համակարգերի կիբեռանվտանգության գրավականը կհանդիսանա, կապահովվի անձնական տվյալների պաշտպանությունն ու կխթանի կիբեռգրագիտության զարգացումը: Պետական և մասնավոր հատվածների տվյալները հնարավոր կլինի պահպանել հատուկ ստեղծված տվյալների պահպանման, մշակման և փոխանցման կենտրոնում՝ հիմնված ամպային ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների վրա»,- նշեց նախարարը:
Կթվայնացվեն և կմատուցվեն պետական և ՏԻՄ-երի կողմից մատուցվող շուրջ 300 ծառայություններ: Մասնավորապես 150 լիցենզիաներ և թույլտվություններ հնարավոր կլինեն ստանալ առցանց: Մինչև 2025 թվականը Կառավարությունը բացառելու է պետական և ՏԻՄ մարմիններ այցելելու անհրաժեշտությունը: Կառավարությունը բացառելու է քաղաքացուց փաստաթղթեր և տեղեկություններ պահանջելու դեպքերը, եթե դրանք առկա են որևէ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում: