Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում հետևել է հայ գրականություն առարկայի օլիմպիադայի մարզային փուլի ընթացքին: Մարզի ղեկավարը մասնակիցներին հաջողություն է մաղթել և շեշտել՝ այսօրվա նրանց հաջողությունները երաշխիք են վաղվա կիրթ, բազմակողմանի զարգացած քաղաքացի ունենալու գործում:
«Կրթության ոլորտը մեզ համար առաջնահերթություն է, և որակյալ կրթություն ունենալու հիմքերը պիտի դրվեն դպրոցից: Այն, որ դուք այսօր ակտիվ եք, սովորելու ձգտում ունեք և մասնակցում եք օլիմպիադաների, արդեն իսկ ոգևորող է: Վստահ եմ՝ այս փուլը հաղթահարելու եք հաջողությամբ և հանրապետական փուլում գոհացնող արդյունքներ ենք գրանցելու»,- նշել է Ա. Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2021թ. դպրոցականների առարկայական օլիմպիադաների առաջին՝ դպրոցական փուլը մեկնարկել է 2020թ.-ի դեկտեմբերի 15-ին, որին մասնակցել է մոտ 6000 սովորող:
Երկրորդ՝ տարածքային փուլն իրականացվել է հունվարի 11-20-ը՝ Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում։ Այն կազմակերպվել է հումանիտար 7 առարկաներից, որին մասնակցել է թվով 1264 սովորող:
Երրորդ՝ մարզային փուլն իրականացվում է ուսումնական պլանով նախատեսված 14 առարկաներից, որին հունվարի 23-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնակցում են թվով 691 սովորող: Մարզային փուլն անց է կացվում Վանաձորի թիվ 4, 6 հիմնական և թիվ 5 ավագ դպրոցներում:
Մարզային փուլին կհաջորդի հանրապետական փուլը, որի մեկնարկը կտրվի փետրվարի 19-ին։