Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարի էական շարժ է արձանագրվել ինտենսիվ գյուղատնտեսության առումով:
«2019 թ. ընթացքում ինտենսիվ այգիների տարածքները 2018-ի համեմատ աճել էին 2.5 անգամ: Իսկ 2020 թ. դրանք 2019 թ. համեմատ աճել են 10 անգամ՝ 53 հեկտարից դառնալով 518 հեկտար»,- նշեց Կառավարության ղեկավարը:
Վարչապետն անդրադարձավ նաև թարմ մրգի և բանջարեղենի արտահանման ծավալներին՝ նշելով, որ նախորդ տարվա նկատմամբ որոշակի աճ ենք ունեցել:
«2%-ի աճ ենք ունեցել: Բայց գնային առումով աճը կազմել է 37%: Սա նշանակում է, որ սա էլ կապ ունի ինտենսիվ այգեգործության հետ: Երբ գնային ավելի բարձր սեգմենտի արտադրանք է արտահանվում, իսկ գնային ավելի բարձր սեգմենտի արտադրանքն արտադրվում է ինտենսիվ այգիներում:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոլորտում ներդրումներ արած մարդիկ ռեալ և իրական շանս ունեն ու հետ են ստանում իրենց կատարած ներդրումները: Գյուղատնտեսական տարին լավատեսությամբ ենք մեկնարկում: Երեկ Ջրային կոմիտեից մեզ զեկուցեցին, որ ձյան շերտն այնպիսին է, որ հույս ունենք ջրային պաշարների մեծ խնդիրներ առնվազն չենք ունենա»,- նշեց վարչապետը: