Կառավարությունն ի սկզբանե խնդիր է դրել գյուղատնտեսության աջակցության և զարգացման ծրագրերը դարձնել ավելի ու ավելի արդյունավետ՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավելու վերաբերյալ որոշման քննարկման ժամանակ: «Մենք բովանդակային էական փոփոխություններ ենք կատարել գյուղատնտեսության աջակցման գործիքներում, և կարող եմ արձանագրել՝ 2020 թ. ընդամենը երկու ոլորտ ունենք, որտեղ աճ է գրանցվել, և այդ ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդտեղ դեր է ունեցել նաև լիզինգային ծրագիրը: Ըստ վարչապետի՝ 2020 թ. ընթացքում լիզինգի ծրագրով ծախսվել է մոտ 9 մլրդ դրամ, 576 շահառուի կողմից ձեռք է բերվել 950 միավոր տեխնիկա, ինչը ՀՀ-ի համար մեծ թիվ է:
Կառավարության նիստին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, մանրամասնեց. «Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. հուլիս ամսից, և մեկնարկից հետո ՀՀ Կառավարության տարբեր որոշումներով ծրագրում կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես՝ ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի 230 մլն դրամ վերին շեմը բարձրացվել է մինչև 450 մլն դրամ, իսկ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակներում գյուղատնտեսական հումք վերամշակողների համար՝ մինչև 1 մլրդ դրամ։ Ծրագիրը բավականին պահանջված է և մեկնարկից սկսած՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը, հաստատվել է 201 շահառուի 293 լիզինգի հայտ՝ 8.9 միլիարդ դրամի չափով, որի արդյունքում ձեռք է բերվել 750 միավոր սարքավորում, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 266 միլիոն դրամ»,- նշեց նախարարը:
Նախագծով առաջարկվում է ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքի հանրագումարի առավելագույն 450 մլն դրամի շեմը բարձրացվում է մինչև 1մլրդ դրամ, լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման համար որպես հիմք սահմանված ֆինանսական կառույցի հանդեպ տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա կտրվածքով հանրագումարային ժամկետանց պարտավորությունների 60 օրվանից ավելի ժամկետը փոխարինվում է մինչև 90 օր ժամկետով: