Փետրվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Մարտունի քաղաքից Հայոց բանակ է ճանապարհել նորակոչիկների հերթական խմբին։ Արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների, Մարտունու տարածաշրջանի համայնքերի ղեկավարներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողները և հարազատները։
Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում օրհնության կարգ է կատարել Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Բարսեղյանը։
«Սիրելի նորակոչիկներ, այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Վարդանանց տոնը, որը համընկնում է ձեր բանակ մեկնելու օրվա հետ։ 1570 տարի առաջ՝ այս օրը, Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ կաթողիկոսը, Ղևոնդ Երեցը և մյուս քաջերը որոշում կայացրին՝ թշնամու դեմ կռվել վասն հայրենյաց, վասն հավատո և իրենց սուրբ նահատակությամբ պահպանեցին մայրենի լեզուն, հայրենի հողն ու հավատը։ Այժմ ձեր հերթն է՝ հայրենի հողի ու հավատի համար զինվորական ծառայության մեկնելու։
Պետք է քաջ գիտակցեք, որ հայրենի հողի ու հավատի համար ճակատամարտը դեռևս չի ավարտվել, որ մեր կրած կորուստները ժամանակավոր են, որոնք կվերականգնվեն հայ զինվորի անձնվիրության ու քաջության շնորհիվ։
Թող ձեզ միշտ առաջնորդի Վարդանանց հերոսական ոգին»,- նորակոչիկներին քաջալերել է Տեր Գևորգը։
Նորակոչիկներին ողջունել է և բարի ծառայություն մաղթել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Սիրելի նորակոչիկներ, ձեզ բանակ ճանապարհելու արարողությունն առանձնահատուկ է, քանի որ այն առաջին անգամ է տեղի ունենում պատերազմի ավարտից հետո։ Այո՛, այդ ծանր պատերազմից հետո մեր պետությունն ու բանակը վիրավոր են, և դուք գնում եք այդ վերքերը բուժելու։
Դուք ձեր ոգով ու կամքով պիտի բանակում տրամադրություն փոխեք, ամուր կանգնեք ձեր հրամանատարների ու ծառայակիցների կողքին, վերականգնեք մեր բանակի հզորությունն ու ապահովեք մեր հայրենիքի խաղաղությունը։
Անվտանգ ու խաղաղ ծառայություն և բարի վերադարձ եմ մաղթում բոլորիդ»,- նորակոչիկներին դիմել է մարզպետ Սանոսյանը։
Նորակոչիկներին ողջույնի ու բարեմաղթանքի խոսքեր են հղել նաև Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, ՀՀ ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետ Ստեփան Հակոբյանը։ Ձմեռային զորակոչն ընթանում է նաև մարզի մյուս տարածաշրջաններում։