Արցախի խորհրդարանի լիագումարի նիստում այսօր վերսկսել են պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումները: Լրամշակված տարբերակն Ազգային ժողովին է ներկայացրել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Գրիգորի Մարտիրոսյան, ԱՀ պետական նախարար - 2021 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագծի համաձայն՝ պետական բյուջեի ամփոփ, վերջնական ցուցանիշները կազմում են. եկամուտների մասով՝ 84 միլիարդ 237, 7 միլիոն դրամ, ծախսերի մասով՝ 132 միլիարդ 342 միլիոն դրամ և դեֆիցիտը՝ 48 միլիարդ 111,3 միլիոն դրամ:
Թեև պատգամավորի առաջարկությունների զգալի մասը գործադիրն ընդունել է, սակայն, «Ժողովրդավարություն», «Արդարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու:
Գեղամ Ստեփանյան, Արցախի ԱԺ պատգամավոր, «Ժողովրդավարություն» - Որևէ կերպ չի համապատասխանում ընդամենը 3 ամիս առաջ դաժան ու աղետալի պատերազմ ապրած երկրի առաջ կանգնած մարտահրավերների ու ամենօրյա խնդիրների լուծման տրամաբանությանը:
Մետաքսե Հակոբյան, Արցախի ԱԺ պատգամավոր, «Արդարություն» - Այս բյուջեն իրատեսական չէ, չկա կոնկրետ իրավիճակի վերլուծություն, չկան իրատեսական կանխատեսումներ, չկան հավակնոտ և նորարարական ծրագրեր:
Արթուր Մոսիյան, Արցածի ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» - Անգամ պետական նպատակային ծրագրերը համարյա նույնն են, որը չի կարող այդպիսին լինել, եթե չհաշվենք չնչին տարբերությունները՝ սոցիալական փաթեթի որոշակի ավելացում և այլն:
Քննադատություներին պատասխանել է «Ազատ հայրենիք-քաղաքացիական միացյալ դաշինք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ հիշեցնելով, որ պատերազմից հետո բյուջեի եկամուտները փոխվել են:
Արթուր Հարությունյան, Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար - Այն ծախսերը, որոնք ներկայացված են պետական բյուջեի նախագծում, մեր կարծիքով, այն նվազագույն պայմաններն են, որոնք կարող են ապահովել այս փուլում մեր երկրի զարգացման շարունակականությունը:
25 կողմ, 8 դեմ. պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է: 30 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ էլ Արցախի խորհրդարանը գլխավոր դատախազ է ընտրել Գուրգեն Ներսիսյանին:
Գուրգեն Ներսիսյան - Դատախազության համակարգին ամբողջությամբ կհաջողվի լուծել նոր իրողություններում և դատախազության առջև դրված հանրային բոլոր պահանջները:
Լիագումար նիստն ավարտվել է Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանով: