Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է որոնողական աշխատանքների արդյունքներն ու խնդիրները՝ միաժամանակ լսելով հարազատների դիտարկումներն ու մտահոգությունները:
Արցախի նախագահը նշել է, որ տարվող աշխատանքները բազմակողմ են. ներգրավված են ինչպես հայկական ու ռուսական կողմերը, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ադրբեջանական կողմը։ Գործընթացի մի մասը, բնականաբար, հրապարակային չէ, բայց, նախագահի հավաստմամբ՝ արվում և արվելու է ամեն ինչ պարզելու անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց ճակատագրերը:
«Գերիների վերադարձման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձը՝ անկախ առկա բոլոր դժվարություններից»,- ասել է Արայիկ Հարությունյանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։