Մի քանի օր է՝ մեկնարկել է գյուղապահովագրության պայմանագրերի կնքումը: Այս տարի ընդլայնվել է ապահովագրվող մշակաբույսերի ցանկը: Գյուղացիները դեռ մինչև ապրիլի 20-ը ժամանակ ունեն, Կառավարությունը կփոխհատուցի ապահովագրավճարի 50-60 տոկոսը:
Գագիկ Սուրենյան (Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Հորդորում ենք հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ծառերի էտ և այգեբաց չկատարել, քանի որ փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում։
Ո՛չ օդերևութաբանների, ո՛չ էլ մեր իրազեկմանը այգետերերը ականջալուր չեղան։ Փորձառու այգեգործները համոզված են, որ փետրվարյան ցրտերը սովորաբար խիստ չեն լինում։ Բացի այդ, ծառն էտում են այնպես, որ նույնիսկ ցրտահարվելու դեպքում բերքի մի մասը պահպանվի։
Այգեգործները սպասել չեն կարող, Արարատյան դաշտի այգիներում փետրվարյան տաք օրերին ծառերը կարող են շուտ ծաղկել։ Փոխարենը՝ խաղողագործները դեռ չեն շտապում այգեբաց սկսել։ Խաղողի վազերը դեռ մի քանի օր էլ կմնան հողով ու պոլիէթիլենով ծածկի տակ։
Արդեն մի քանի օր է՝ գյուղերում կնքվում ու ստորագրվում են այս տարվա գյուղապահովագրության առաջին պայմանագրերը։ Սակայն եթե էտվող այգիները վնասվեն, միևնույն է՝ փոխհատուցում չի լինի, ապահովագրական պայմանագրերն ուժի մեջ են մտնելու մարտի 1-ից։
Մելիք Ենգիբարյանի՝ ապահովագրության անցած տարվա փորձը վարակիչ է եղել Փշատավանում։ Ենգիբարյանի խաղողի այգին կարկտահարվել էր, արված ծախսի դիմաց փոխհատուցումից դժգոհ չէ, առավել ևս, որ հեկտարի հաշվով ապահովագրվող գումարի 50-60 տոկոսը վճարում է կառավարությունը։
Մելիք Ենգիբարյան (խաղողագործ) - Ծիրանի այգին 82 հազար քանի հարյուր դրամ էր, իսկ խաղողիս այգին՝ կես հեկտար, 29 հազար քանի հարյուր դրամ։ Սրա մեջ 82-ի փոխարեն 150-200 կվճարեի։ Պետությունն էլ ա փոխանցում։
Անցած տարի գյուղապահովագրության առաջին՝ փորձնական ծրագիրն էր: Սեփական այգիները հրդեհից, կարկուտից ու ցրտահարությունից պաշտպանելու համար դիմեց 1500 տնտեսություն։ Բացի այդ, գյուղմթերք արտադրողները թերահավատ էին ապահովագրության նոր համակարգին։ Այս տարի ակնկալում են ավելին։
Վահան Բաբախանյան (Ապահովագրական ընկերության կամավոր տեսակներով վաճառքի պատասխանատու) - Հիմնականում մեկը մյուսի օրինակին հետևելով՝ սկսում են իրենք էլ իրենց ապահովագրությունը կատարել։ Արդեն 2-3 օր ա՝ էս գյուղում ենք զուտ ծանրաբեռնվածության՝ պայմանագրեր կնքելու հետ կապված։
Գյուղապահովագրության պայմանագրերի կնքման այս տարվա վերջնաժամկետն ապրիլի 20-ն է, որոշ մշակաբույսերի դեպքում՝ ավելի վաղ: Ցանկը, ի դեպ, ընդլայնվել է։
Ծիրանի, խաղողի, դեղձի, խնձորի, այգիներից ու ցորենի, գարու ցանքատարածքներից բացի, այս տարի կապահովագրեն նաև կարտոֆիլի, սալորի, ձմերուկի ու սեխի բերքի համար արվող ծախսը: