451 թվականի մայիսին Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն սրբերից են:
Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է:
Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց Եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Ս. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին:
«Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին: Եվ առավոտյան Ս. հաղորդություն ընդունեցին»,- գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին:
Վարդանանց տոնին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Վարդանանց տոնը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է:
Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցիներում Ս. Պատարագից հետո կատարվում է Հայրապետական Մաղթանք: