Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին նշեց, որ նախորդ տարի Կառավարության աջակցությամբ իրականացվել է աշնանացան ցորենի ծրագիր, որը տեղավորվում էր պարենային անվտանգության ծրագրի շրջանակներում, իսկ այս տարի գարնանացան ցորենի ծրագիր է իրականացվում:
Վարչապետն ամփոփելով նախորդ տարվա տվյալները՝ նշեց, որ 2020-ին ՀՀ-ից պահածոների և հյութերի արտահանումն աճել է, համապատասխանաբար, 30 և 38%-ով: Սա լավ ցուցանիշ է և նշանակում է, որ մեր մշակող արդյունաբերությունն աճել է: Վատ ցուցանիշն էլ այն է, որ խաղողի գինիների և կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 և 23%-ով:
«Մեր ավանդական շուկաներում իրականում այս ապրանքատեսակների վաճառքն ավելացել է, բայց մեր արտահանումը նվազել է: Վերլուծությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ աճը տեղի է ունեցել օնլայն վաճառքի հաշվին: Մենք արձանագրել ենք, որ մեր ընկերությունները, ցավոք սրտի, օնլայն վաճառքի հարթակներում հավուր պատշաճի ներկայացված չեն, և օնլայն վաճառքի հարթակները բավարար չափով զարգացած չեն: Սա վկայում է, որ «Աջակցության ծրագիր» վերնագիրը ընդհանրապես պետք է փոխենք, պետք է ունենանք Զարգացման ծրագրեր»,- նշեց վարչապետը:
Այսօրվա նիստի չզեկուցվող հարցերում էր նաև կոնյակի սպիրտի արտահանմանը վերաբերող որոշում: Վարչապետը հիշեցրեց, որ կոնյակի սպիրտի արտահանման վրա տուրք է սահմանված, բայց որոշում է կայացվել այդ տուրքը վերադարձնել արտահանողներին:
«Նախորդ տարի մենք խաղողի մթերումը կարողացանք կազմակերպել, չնայած ընկերությունները արտաքին շուկաներում պրոբլեմներ ունեին: Որպեսզի այս տարվա մթերումները կարողանանք պատշաճ կազմակերպել, պետք է խթանենք, որ կոնյակի սպիրտը արտահանվի, և այս որոշումը կապված է նաև դրա հետ»,- նշեց Կառավարության ղեկավարը:
Նախորդ տարի մեկնարկած գյուղապահովագրության ծրագրին անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ երկու մարզում ներդրված խաղողի և ծիրանի դեպքում արվող ապահովագրությունը հաջող է եղել, այս տարվանից այն կգործի բոլոր մարզերում և 11 մշակաբույսի համար՝ խաղող, ծիրան, դեղձ, խնձոր, ցորեն, վարսակ, գարի, կարտոֆիլ, ձմերուկ, սեխ, սալոր:
«Սա նշանակում է, որ այս տարվանից մեր գյուղացիները հնարավորություն ունեն իրենց ապահովագրել կարկուտի, ցրտահարության և գյուղատնտեսական մի շարք ռիսկերից: Ապահովագրական գումարի զգալի մասը վճարում է Կառավարությունը»,- նշեց Փաշինյանը: