Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«2021 թվականի փետրվարի 10-ին տարածված և ՀՀ Սյունիքի մարզի որոշակի հատվածներում լուսաբանման աշխատանքներ իրականացնելուն վերաբերող իրազեկման վերաբերյալ պարզաբանում ենք, որ վերջինս չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից թույլտվություն հայցելու նպատակ, և, բնականաբար, հրապարակված տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ:
Հիշյալ իրազեկման նպատակն ընդամենը անհրաժեշտ նկարահանումներն աշխատանքային կարգով և նախապես փոխհամաձայնեցված կերպով կազմակերպելն է՝ պայմանավորված ստեղծված օպերատիվ իրավիճակով, անվտանգության նկատառումներով և տեղում իրականացվող որոշակի աշխատանքներով:
Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ անգամ տվյալ իրազեկման հրապարակմանը նախորդող ժամանակահատվածում առանց նախնական տեղեկացման Սյունիքի մարզում գտնվող յուրաքանչյուր լրագրողի, շաբաթվա ցանկացած օրվա և ցանկացած ժամի դրությամբ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ցուցաբերվել է պատշաճ աջակցություն՝ ապահովելով նաև ուղեկցություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից:
Վստահաբար ընդգծելով, որ համապատասխան աշխատանքները փոխհամաձայնեցված կազմակերպելու հանգամանքը մեծապես բխում է նաև լրագրողական գործունեության արդյունավետության և անվտանգության տեսանկյունից՝ հարկ ենք համարում հորդորել զերծ մնալ անհարկի շահարկումներից»: