Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը և քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը:
Փոխնախարարը ողջունել է հյուրերին արդարադատության նախարարությունում և անդրադարձել դեսպանի այցի օրակարգային հարցերին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայությանը և հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակին առնչվող համագործակցային մի շարք հեռանկարային հարցեր:
Մասնավորապես՝ դեսպանի հարցմամբ, փոխնախարար Գրիգորյանը ներկայացրել է Քրեական դատավարության և Քրեական նոր օրենսգրքերի բարեփոխումների շրջանակը՝ ընդգծելով, որ վերականգնողական արդարադատության կայացման հիմնական գործիքը նախարարության համար Պրոբացիայի ծառայությունն է՝ կարևորելով ծառայության բովանդակային և կիրառական կարողությունների զարգացումը: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեհաստանի պրոբացիոն մոնիթորինգային փորձի փոխանակման վերաբերյալ՝ կիրառվող տեխնիկական սարքերին, ծրագրային ապահովումներին ծանոթանալու, ինչպես նաև ԱՆ պրոբացիայի ծառայությանը հնարավոր տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում փոխնախարարը ներկայացրել է նաև Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուտների ներդրման ու գործունեության ընթացքը և դրանց կազմավորմանը նախորդող օրենսդրական լայնածավալ աշխատանքները:
Կոռուպցիայի կանխարգելման ոլորտում ևս դեսպան Չեպլակն ընդգծել է համագործակցության հնարավորությունը՝ Լեհաստանի կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի հետ փորձի փոխանակման կազմակերպման միջոցով:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել: