Փետրվարի 10-ին Ժնևում տեղի է ունեցել Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) միջնստաշրջանային հանդիպումը, որը նախաձեռնել էր Հայաստանը:
Հանդիպման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, ՄԻԽ նախագահ Նաժատ Շամիմ Խանը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տեղակալ Նադա Ալ-Նաշիֆը, ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն: Միջոցառմանը մասնակցել են Միավորված ազգերի կազմակերպության անդամ երկրների, միջազգային կառույցների, ակադեմիական շրջանակների և ոչ կառավարական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ: Մասնակիցները բարձր են գնահատել Հայաստանի առաջնորդությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում:
Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը մասնավորապես նշել է, որ անկախության ձեռքբերումից անմիջապես հետո Հայաստանը նախաձեռնել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ առաջին բանաձևը և լծվել է Ցեղասպանության կոնվենցիայի, մարդկության դեմ հանցագործությունների մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնման գործին։
Նա շեշտել է, որ մեր տարածաշրջանում սանձազերծված վերջին բռնությունները հիշեցրին պատմական ոճրագործությունների սարսափները՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով այն մարտահրավերներն ու ձախողումները, որոնց բախվում են միջազգային մեխանիզմները նման հանցագործությունները կանխարգելելու գործում։
Ինչպես նշվում է ՀՀ կողմից հեղինակած և 2020 թ. հունիսին միաձայն ընդունված ՄԻԽ 43/29 բանաձևը, նախկինում տեղի ունեցած ցեղասպանություններն արդարացնելու կամ ժխտելու փորձերը սպառնում են ոճրագործությունների կրկնությամբ:
Հայկական կողմն ընդգծել է նաև կանխարգելման գործում պետությունների պատասխանատվության խնդիրը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, ազատ և անկախ լրատվամիջոցների դերակատարությունը: