Հայկական մարմնամարզության լեգենդը՝ Ալբերտ Ազարյանը, նշում է ծննդյան 92-ամյակը, սակայն որ կողմ նայում ես, գրված է՝ 29։ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրը իրեն հենց 29 տարեկան է զգում: Վստահ է՝ տարին իրապես լավ է լինելու հայկական սպորտի համար, քանի որ ծնվել է 1929 թվականին ու իրեն զգում է ինչպես 29 տարեկան մարզիկը։ Բոլորի շուրթերից լսում ես միայն այդ տարիքը ու ոչ թե պաշտոնականը։
Ծննդյան օրը նշում է ինչպես միշտ աշխատավայրում՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում՝ գործընկերների ու մարզաշխարհի ներկայացուցիչների հետ։ Չնայած օրը առանձնահատուկ է, սակայն աշխատավայր ներկայացել է ինչպես միշտ իր ժամին՝ առավոտյան 10.30-ին։ Մարզիչները կատակում են՝ «նրա գործի ներկայանալով կարելի է ժամը իմանալ»։ Օլիմպիական եռակի ոսկե մեդալակրի ծնունդը շնորհավորելու էր եկել նաև կրթության, գիտության, մշակույթի, և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Ալբերտ Ազարյանը հայկական սպորտային մարմնամարզության ու առհասարակ հայկական սպորտի ամենաբարձր գագաթներից մեկն է։ Իր «Ազարյանական խաչով» նա մեկընդմիշտ ամրագրել է հայկական մարմնամարզության տեղն ու դիրքը համաշխարհային մարմնամարզության երկնակամարում ու այժմ էլ, ամեն հայ մարզիկի ելույթի ու հաջողության դեպքում աշխարհի բոլոր անկյուններում ընդգծում են նրա անունը։ «Օղակների արքան» 92 տարեկան է ու շարունակում է մարզվել: Պնդում է՝ «հենց թեթև մարզվում եմ, միանգամից վերակենդանանում եմ»․․․