Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է բարձրացնել զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված տուգանքի չափը: Նախագծով պատգամավորն առաջարկում է վիրավորանքի դեպքում շեմը 1 միլիոնից բարձրացնել 5 միլիոնի, իսկ զրպարտության համար 2 միլիոնի փոխարեն սահմանել 10 միլիոն դրամ տուգանք:
Արդարադատության նախարարությունը շեմերի բարձրացումը խնդրահարույց է համարում: Օրենսդիրը, իհարկե, իրավունք ունի սահմանելու առավելագույն չափ, սակայն քաղաքացիների ֆինանսական բեռը պետք է անհիմն չավելանա: Այժմ էլ թեև տուգանքի չափը հասնում է 2 միլիոնի, դատարանների կիրառածը հիմնականում չի անցնում 150 հազար դրամը: Ըստ նախարարի տեղակալի՝ ողջամիտ հարաբերակցություն պետք է ապահովվի սահմանադրական երկու արժեքների՝ խոսքի ազատության և պատվի, արժանապատվության միջև:
Իշխանական պատգամավորների համար կառավարության մոտեցումը անհասկանալի է: Խնդրեցին հիմնավորել:
Տուգանքի չափերը բարձրացնելով առկա խնդիրները չեն լուծվի՝ պնդեցին «Բարգավաճ Հայաստանից»: Փոխնախարարը շեշտեց՝ տուգանք նշանակելիս դատավորը հաշվի է առնելու կոնկրետ դեպքը և տվյալ անձի ֆինանսական վիճակը: Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ սխալ մոտեցում է ֆինանսական սուղ հնարավորություն ունեցողներին քիչ տուգանելը:
Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծով, ըստ Մարուքյանի, թերթերին դատի կտան, իսկ ֆեյքերի ֆաբրիկաները կշարունակեն գործել:
Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկումը ավարտելուց հետո պատգամավորներն անցան Քրեական օրենսգրքին:
«Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է խստացնել պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափը: Պնդում են՝ պետական դավաճանության ու լրտեսության համար պետք է սահմանվի ամենաբարձր պատիժը՝ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ:
Գործող օրենսգրքով պետական դավաճանությունը պատժվում է 10-15 տարի ազատազրկմամբ, իսկ լրտեսությունը՝ 8-15 տարի: