Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախի՝ Ադրբեջանին անցած տարածքներում հուշարձանների պղծմանը: «Լուրերի» հարցին, թե ռուսական կողմը ինչպե՞ս է գնահատում Արցախի Ասկերանի շրջանի գրավված Ավետարանոց գյուղում ադրբեջանցիների կողմից Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի պղծումը, Մարիա Զախարովան պատասխանել է՝
«Մեր դիրքորոշումն այս հարցում հայտնի է: Ցանկացած հուշարձանի պղծում անընդունելի է: Հատկապես, եթե խոսքը պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանների մասին է, ապա ոչ մի այլ դիրքորոշում չի կարող լինել: Այս մասին տեղեկությունը ստանալուց հետո մենք անմիջապես կապ ենք հաստատել մեր ադրբեջանցի գործընկերների հետ: Նրանք մեզ հավաստիացրել են, որ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշարձանների, գերեզմանների վանդալիզմի, ոչնչացման փաստերն ադրբեջանական կողմը ժամանակին արձանագրել է, այս կապակցությամբ քննություն է ընթանում, և բարբարոսություն իրականացնողները պատասխանատվության են ենթարկվում»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Մարիա Զախարովան նշել է, որ չի պատրաստվում ադրբեջանական կողմի փոխարեն մեկնաբանել այդ թեման, սակայն քանի որ հարց է հնչել, ապա պատասխանել է՝ նախապես կապվելով ադրբեջանցի գործընկերների հետ: