Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հայտարարվել է «Հայաստանում և Ղրղզստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում» նախագծի (CeoTAK) մեկնարկի մասին:
Այդ նպատակով կազմակերպված առցանց հանդիպմանը ելույթ է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նախարարության անունից ողջունելով ծրագրի մասնակիցներին` նախարարի տեղակալը նշել է, որ բարձր է գնահատում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական ծրագրի մշակումը` այդ համատեքստում կարևորելով բուհերում հետազոտության, նորարարության և արդյունաբերության կապերի ամրապնդմանը միտված նախագիծը:
Ա. Մարտիրոսյանը՝ որպես ծրագրի համակարգող, շնորհակալություն է հայտնել Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանին` նշելով, որ ծրագրում ընդգրկված են ՀՀ երեք բուհեր` Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը, Հայաստանի ագրարային ազգային համալսարանը:
«Ծրագիրը հեռանկարային է, քանի որ ստեղծվելու է աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների հետազոտական նոր հարթակ, որը կնպաստի համատեղ հետբուհական կրթական ծրագրի իրականացմանը, ինչը կլինի կարևոր ձեռքբերում: Հայաստանյան բուհերն այժմ գտնվում են մի փուլում, երբ փոփոխում են ուսուցման և դասավանդման հարաբերություններն արդյունաբերության հետ, հետևաբար անհրաժեշտ է ստեղծել միջոլորտային ծրագրեր, որոնք կկապեն տարբեր համալսարաններ և կստեղծեն սիներգիա: Ակնկալում ենք, որ ծրագիրն ուղղակի ազդեցություն կունենա ուսանողների՝ աշխատաշուկա մուտք ապահովելու առումով, ինչպես նաև կնպաստի հետազոտողների նոր կարողությունների ձեռքբերմանը և լաբորատորիաների հզորացմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:
CeoTAK նախագիծը միտված է աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ասպիրանտական կրթության բարելավմանը, արդյունաբերական դոկտորական կրթության մոդելի կիրառմանը, հետազոտական կարողությունների ուժեղացմանն ու կապերի զարգացմանը: 2021-24 թվականների համար նախատեսված 36 ամսվա տևողությամբ կրթական նախագիծը համակարգելու է Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇԱՀ) հանդես է գալիս որպես հայաստանյան համակարգող: Նախագծի շրջանակում վերանայվելու և բարելավվելու են հետազոտական լաբորատորիաները, համապատասխան թեմաներով վերապատրաստվելու են ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող մասնագետները:
Նախագծում ընդգրկված են 14 կազմակերպություններ Իսպանիայից, Շվեդիայից, Սլովենիայից, Բելգիայից, Հայաստանից և Ղրղզստանից:
Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում և Ղրղզստանում հետբուհական բարձրագույն կրթության նոր ծրագրերի մշակումն է` միտված հետազոտությունների և նորարարությունների միջև կապերի զարգացմանը, պետական կառույցների հետ համագործակցության ամրապնդմանը:
Թիրախային են դիտվում համատեղ նորարարական նախագծերի և ասպիրանտական ծրագրերի իրականացումը, արդյունաբերության հետ բուհական կապի ամրապնդմանն ուղղված ռազմավարությունների մշակումը և այլն: