Կռվի դադարին` երգով, իսկ կռվելիս` ժպիտով. պատերազմի օրերն այսպես է հիշում Ռազմիկը:
Ռազմիկ Եգանյան, ժամկետային զինծառայող - Անընդհատ ժպտում էինք, երգում, իրար ոգևորում, մեր կամավորներն էլ էին շատ օգնում մեզ:
7 ամիս` զիվորական խաղաղ ծառայության, մեկ ամիս` մարտադաշտում, մտածում էինք միայն մեր դիրքերն անառիկ պահելու մասին՝ նույնիսկ, երբ թշնամուն հաջողվել էր մտնել խրամատ՝ պատմում է Ռազմիկը: Հատկապես այս մի կռիվը չի մոռանա:
Ռազմիկ Եգանյան - Լցվել էին խրամատ, սկսեցինք կռիվ տալ, մոտ 20-30 մետրի վրա կռիվ էինք տալիս, հետ մղեցինք, հետ վերցրեցինք մեր դիրքը: Մինչև իմ վիրավորվելը մինչև վերջ պահել ենք այդ դիրքը:
Վիրավորվել է հոկտեմբերի 24-ին: Ինը օր հիվանդանոցում, 3 ամիս տանը` մայրական խնամքի ներքո: Արկի բեկորները դեռ ոտքին են:
Մարինե Պապինյան, Ռազմիկի մայրը - Հոկտեմբերի 24-ի առավոտյան, թե կեսօրին՝ զանգեց, ասաց լավ եմ, բայց արդեն վիրավոր էր: Երկրորդ ծնունդն էր, հրաշքով փրկվել է, թող բոլոր երեխեքն էլ փրկվեն:
Սահմանամերձ Սարիգյուղի Եգանյանների ընտանիքի 3 որդիներից փոքրն է Ռազմիկը, բայց հիմա ուրիշ աչքով են նայում ավագ եղբայրները:
Էդվարդ Եգանյան, Ռազմիկի ավագ եղբայրը - Ինքն արդեն մեծն է, մինչև հիմա փոքրն էր, հիմա մեծացել է:
Տունը միշտ մարդաշատ է, ընկերների, հարևանների համար դուռը «կրնկի վրա բաց է»: Ռազմիկը հիմա անհամբեր սպասում է, թե երբ կապաքինվի, ծառայությունն ավարտի և իր սիրած սպորտին վերադառնա: Զինվորի համազգեստ հագնելուց առաջ մարզաշապիկով էր; Սարիգյուղի առաջին, արդեն ճանաչված ֆուտբոլիստը, ինչի մասին վկայում են տանը երևացող տեղում դրված մեդալներն ու պատվոգրերը: Իջևանի «ՆիկԱրմ» ֆուտբոլային ակումբի անդամ էր:
Ռազմիկ Եգանյան - Սա Հայաստանի առաջնությունից է, 1-ին տեղ ենք գրավել, մարզային առաջնությունում էլ` առաջինը, Հայաստանի առաջնությանը՝ 2018-2019թթ.-ին, 14 խաղ ենք ունեցել, 14-ն էլ հաղթել ենք:
Այս առաջնությունում լավագույն խաղացող է ճանաչվել; Ֆուտբոլում ոտքն էր դիպուկ, կռվում` ձեռքը: Նաև մարզչական գործ էր հանձնառել, գյուղում պատանեկան թիմ էր ստեղծել, արդեն հաջողություններ էին գրանցել: Այս 2 գնդակներից մեկն իր մարզիչը նվիրել էր ծառայության մեկնելուց առաջ, մյուսը` վիրավորվելուց հետո: Երրորդին, հուսով է, կհանդիպի մարզադաշտում: