Արցախյան վերջին պատերազմի ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծված վիճակը հաղթահարելու ճանապարհային քարտեզ հրապարակեց:
Ծրագրի 5-րդ կետն էլ հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովումն է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքային խմբերը մի քանի օր է՝ Երևանում և մարզերում այցելում են ծանր վիրավորված տղաներին, գնահատում նրանց կարիքները, տալիս մասնագիտական եզրակացություն՝ պրոթեզավորելու հնարավորության վերաբերյալ:
Մասնագիտական խումբը եկել է Արամենց տուն՝ Արագածոտնի մարզի Կոշ գյուղ: Այցի նպատակը երիտասարդի կարքիները գնահատելն է: Ոտքը տղան կորցրել է Մարտունի 3-ում:
Արամ Ասլանյան - Սնարյադ էր, ոնց-որ՝ անօդաչու խփեց հեռվից: Ձենը լսեցինք. մեքենայի մոտ էինք՝ գրադի, չհասցրինք...
Բեկորները Արամի նաև մյուս ոտքն են վնասել, որովայնը: Հոսպիտալում ստիպված են եղել նույնիսկ աղիներից մի հատված հեռացնել: Մինչ բժիշկները տղային առանձին կզննեին՝ խմբի ղեկավարը մայրիկի հետ զրույց սկսեց:
Հարցերը հասան՝ Արամը սիրած աղջիկ ունի՞, թե՞ ոչ: Պատերազմից հետո ի՞նչ օգնություն են ստացել:
Պարզվեց՝ սայլակը Հունաստանից են նվեր ուղարկել, քայլակը հիվանդանոցինն է: Զուգահեռ՝ քանոնն ու հարթաչափը ձեռքին էրգոթերապևտն էր տան հատակից մինչև դրսի ու ներսի սանհանգույց ֆիքսում բոլոր անհարմարությունները, որոնք պետք է շտկել, երբ ընտանիքում հաշմանդամություն ունեցող կա:
Տաթևիկ Ղազարյան (մասնագիտական խմբի էրգոթերապևտ) - էստեղ պետք է լինի հատուկ աթոռ, լինեն բռնակներ, զուգարանակոնքի համար լինելու են ծալվող ձողեր:
Սոցապի մասնագիտական թիմի առաջնային՝ ամենակարևոր նպատակը ճշտելն է՝ պատրա՞ստ է արդյոք շահառուն պրոթեզավորման: Ափսոս, ռենտգեն-նկարները տանը չեն: Պատմելով՝ Արամն ազդրի վերջին հատվածում ոսկորի ճաք-3 կոտրվածք է ստացել՝ ասում է վնասվածքաբանը:
Պետրոս Սաֆարյան (մասնագիտական խմբի վնասվածքաբան-օրթոպեդ) - Խնդիր է, որ ինքն ունեցել է ազդոսկրի կոտրվածք, որը դեռ լիարժեք սերտաճած չէ: Սերտաճումից հետո կփորձենք պրոթեզավորել:
Պրոթեզավորմանն էլ պետք է նախապատրաստել՝ ընտանիքին զգուշացրեց նախարարության հրավերով այս այցերի ու խորհրդատվության համար Մոսկվայից ժամանած պրոթեզիստ Սարգսյանը: Ցույց տվեց՝ ինչպես է անհրաժեշտ էլաստիկ բինտով վիրակապել, հենակի որ բարձրությունն է ճիշտ, ինչպես օգնել քայլելիս:
Արմեն Սարգսյան (մասնագիտական խմբի պրոթեզավորող) - Ցավոք սրտի, Հայաստանի պրոթեզագործության մակարդակն այնքան էլ բարձր չէ, չնայած՝ ահագին լավն է, բայց աճելու տեղ կա: Ես մեծ սիրով իմ փորձը կփոխանակեմ:
Ի՞նչ պրոթեզ ընտրել. կախված է լինելու նաև Արամի հետագա զբաղվածությունից: Ասաց՝ անասնապահությունը մի կողմ՝ եղբոր ընտանիքը դրանով կզբաղվի, ինքը շատ է ուզում բեռնատար քշել: Արդեն ռիսկ է արել ու միայն ձախ ոտքով մեքենա վարել:
Արամ Ասլանյան - Մի անգամ փորձել եմ, շատ լավ ստացվել է: Շատ եմ սիրում էդ գործը, ուզում եմ էդ ուղղությամբ գնալ:
Զեկույցում դա էլ ֆիքսեցին: Կետ առ կետ արդեն լրացրել են Արցախում հաշմանադամություն ստացած 30 երիտասարդի հարցաշար: Առաջին անգամ է, որ պետությունը փորձում է այսպես ընդլայնված, բազմակողմանի կարիքների ուսումնասիրություն իրականացնել՝ ներկայացնում է Հայկ Մկրտչյանը:
Հայկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական) - Վեր են հանվում բոլոր ծառայությոննները, որ անհրաժեշտ են անձին, լինեն բժշկական սոցիալական թե քաղաքաշինական:
Մինչև հաշվետվության հիման վրա աշխատանքներ կարվեն՝ Արամն առաջադրանք ստացավ քայլելիս երբեք գլուխը չկախել, որ մեջքը չցավի:
Ընտանիքի հանձնարարությունը քչախոս Արամին շատ ժպտացնելն է: Վերականգնողական կենտրոնում թերապիայի ժամանակ տղաների հետ շփվելիս համոզվել է. ողջ է մնացել, ուրեմն պարտավոր է ոտքի կանգնել:
Արամ Ասլանյան - Վստա՞հ ես, չէ՞, որ նորմալ քայլելու ես. ես սկզբից էլ վստահ եմ: